ՌԴ-ն Հայաստանին կործանիչներ է վաճառել ներքին գնով. գործարքը ՀԱՊԿ շրջանակում է
Հայաստանը ՌԴ հետ «Սու-30ՍՄ» 4 բազմաֆունկցիոնալ կործանիչ գնելու պայմանագիր է կնքել, որոնք Հայաստանի զինված ուժերը պետք է ստանան 2020 թվականին: Թեև խոսքը կոմերցիոն գործարքի մասին է, բայց այն իրականացվում է ՀԱՊԿ շրջանակում: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը:
Կործանիչները հայկական կողմին տրամադրվում են ռուսական վարկով և ռուսաստանյան ներքին գներով՝ արդեն 2020 թվականին Հայաստանը կստանա չորս նոր «Սու-30ՍՄ» կործանիչ: Սա Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում խորհրդանշանակ գործարք է, քանի որ երկիրը ձեռք է բերում բոլորովին նոր տեխնիկա:
«ՀՀ ռազմաօդային ուժերի յուրաքանչյուր կործանիչի արժեքը կլինի այնքան, որքան դրանք արժեն Ռուսաստանի զինված ուժերի համար: Մեզ համար կարևոր էր ՀԱՊԿ-ում դաշնակից երկրի հետ դիրքերի ամրության հաստատումը»,- գրում է Կոմերսանտը հղում անելով աղբյուրին և նշելով, որ այս պայմանները ուղղակի իսկական նվեր կարելի է համարել:
Նշվում է, որ ըստ պայմանագրի՝ հայ օդաչուները կվերապատրաստվեն ռուսական ռազմակայաններում: