ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել. Փաշինյանի խոսնակի արձագանքը Նազարբաևին
Պաշտոնական Երևանը շարունակում է պնդել, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել: Այսօր այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանը՝ արձագանքելով Նարզարբաևի հայտարարությանը, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները որոշել են աջակցել Բելառուսի ներկայացուցիչ Ստանսլավ Զասի թեկնածությունը կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում:
«Վերահաստատում եմ ասածս՝ դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել և չէր էլ կարող լուծվել, քանի որ ՀԱՊԿ նիստ տեղի չի ունեցել։ Նաև վերահաստատում եմ Հայաստանի դիրքորոշումը, որ հարցը պետք է լուծվի կոնսենսուսի միջոցով՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում կայանալիք պաշտոնական հանդիպման ընթացքում», - նշեց Արման Եղոյանը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից։ Մինչ այդ այն զբաղեցնում էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որին Երևանը վաղաժամ հետ կանչեց «Մարտի 1»-ի գործով մեղադրանք ներկայացնելուց հետո: Եթե այս զարգացումը չլիներ, Հայաստանը ներկայացնող Խաչատուրովի պաշտոնավարումը պետք է ավարտվեր 2020 թվականի մայիսին:
Դեկտեմբերի 6-ի դռնփակ հանդիպումներից հետո Բելառուսի նախագահը լրագրողների հետ զրույցում պնդել էր, թե որոշումը, ըստ էության, կայացվել է՝ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը կլինի Բելառուսից: Եվ Հայաստանի, և Ռուսաստանի ղեկավարների մամուլի խոսնակներ սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո հերքել էին Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը՝ պնդելով՝ գլխավոր քարտուղարի հարցը մնում է չլուծված: Ավելին՝ պաշտնական Երևանը հայտարարում է, որ նոր գլխավոր քարտուղարի թեկնածու ունի, իսկ հարցը պետք է լուծվի կոնսենսուսով: