Հավանաբար՝ հոկտեմբերին. «Ելք»-ում տեղյակ չեն Փաշինյանի հրաժարականից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համակիրները տեղեկություն չունեն, թե երբ նա հրաժարական կտա: Այս մասին պարզ դարձավ ԱԺ ճեպազրույցների ժամանակ, երբ թե «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, թե խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը չկարողացան հստակեցնել Փաշինյանի հրաժարականի ժակմետները: Նրանք միայն ենթադրեցին, որ դա տեղի կունենա հոկտեմբերի մեջ:
Անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի և Դաշնակցության՝ արտահերթ խորհրդրանական ընտրությունների անցկացման վերաբերյալ հայտնած վերջին դիրքորոշումներին, Նազարյանն ասաց, որ ուրախ է, որ մոտեցումները փոքր-ինչ մեղմացել են.
«Ես կարծում եմ, որ քաղաքական երկխոսությունը երբեք չպետք է դադարի և դրա հնարավորությունը կա, որովհետև մենք միշտ բաց ենք քննարկումների համար»,- ասաց նա: Լենա Նազարյանն ընդգծեց, որ անգամ սկանդալային «ԱԺ կանոնակարգ օրենքի» շուրջ զարգացումներից հետո երկխոսելու հնարավորությունները սպառված չեն:
«Քաղաքական ուժերը պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումներն ու ավելի պարզ խոսեն՝ արդյոք վարչապետի հրաժարականի դեպքում թեկնածու չեն առաջադրի և արդյոք կողմ են դեկտեմբերին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Քաղաքականության մեջ երկխոսության հնարավորությունը երբեք չպետք է սպառված համարել։ Եվ կարող է լինեն այնպիսի իրավիճակներ, երբ պետք է նույնիսկ անտեսելով հոկտեմբերի 2-ի այդ չարամիտ նախագիծը, որի շուրջ կոնսոլիդացվեցին այդ ուժերը, նստել ու հասկանալ՝ ի՞նչ կարող ենք անել, որպեսզի հնարավորինս անցնցում տեղի ունենա այս քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը»,- հավելեց նա: