VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կանգնած է փաստացի լուծարման եզրին: Այդ կուսակցության բազմաթիվ անդամներ պատրաստվում են հենց վաղը հայտարարել կուսակցությունը լքելու մասին, որպեսզի չկիսեն «Ծառուկյան» դաշինքի խայտառակ պահվածքի պատասխանատվությունը: Հոկտեմբերի 21-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ-ից առաջադրված կամ ԲՀԿ աջակցությունը վայելող թեկնածուներն առաջիկա օրերին ինքնաբացարկ կներկայացնեն՝ հասկանալով, որ իրենք հաղթելու ոչ մի շանս չունեն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյան-ԱԺ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյան բանակցություններն անցել են բավականին մոնոտոն, չնայած սկզբում Փաշինյանն իր պահանջն է դրել՝ ընտրություններ երկու-երեք ամսում, բանակցության այլ թեմա ինքը չի տեսնում։ Վահրամ Բաղդասարյանն ասել է՝ դե, դա կարող էիր նաև հեռախոսով ասել, ի՞նչ իմաստ ուներ հանդիպելը։ Որից հետո ծավալվել է ըստ էության խոսակցություն. Փաշինյանը ներկայացրել է իր փաստարկները, որոնց առարկել է Վահրամ Բաղդասարյանը՝ կապված Ընտրական օրենսգրքի, սահմանադրական փոփոխությունների ժամանակատար գործընթացների հետ։ ՀՀԿ-ում այն կարծիքին են, որ պետք է «չորով» դնել մինչև 2022թ. պառլամենտի աշխատելու տարբերակը, որպեսզի բանակցությունների ընթացքում «ստանան» գոնե եկող տարվա մայիս ժամկետը. «Իսկ եթե անկեղծ՝ բոլոր տարբերակներին էլ պատրաստ ենք, ոչ մի տարբերակ չենք բացառում. պետք է սպասել մյուս ֆրակցիաների-ուժերի բանակցային արդյունքներին, կարծում եմ՝ բանակցությունների մի քանի ռաունդ պետք կլինի»»։
«Ժողովուրդ» օրաթրեթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսել է ակտիվ շփումները ՀՀԿ-ականների եւ Սերժ Սարգսյանի հետ: Ավելին, ըստ մեր աղբյուրների` երեկ նա մասնակցել է Սերժ Սարգսյանի խնամու եղբոր՝ Մայիս Խաչատրյանի թաղմանը: Քոչարյանը հիմնականում շփվել է Սերժ Սարգսյանի հետ, ընդ որում` բավական ակտիվ: Նրանք երկար զրուցել են, թե ինչի մասին, պարզել չհաջողվեց: Միաժամանակ, ըստ շրջանառվող լուրերի, Քոչարյանը ՀՀԿ ԳՄ նիստի օրը եղել է այդ կուսակցության գրասենյակում: Նշենք, որ տեւական ժամանակ է՝ Քոչարյանի եւ Սարգսյանի հարաբերությունները գրեթե սառել էին. իր վերջին հարցազրույցներից մեկում Քոչարյանն ասել էր, թե Սերժ Սարգսյանին վերջին հինգ տարում երկու անգամ է տեսել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել՝ Քոչարյանը մասնակցել է ՀՀԿ ԳՄ նիստին, թե ոչ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը բացասական պատասխան է տվել՝ ասելով. «Անկուսակցական Քոչարյանը մասնակցում է ՀՀԿ նիստին ի՞նչ կարգավիճակով: Չկա նման բան»:
«Ժողովուրդ» օրաթրեթը գրում է. «Վճռաբեկ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքի քննության հարցում կարող է անելանելի վիճակ ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վճռաբեկ դատարանի դատավորները նախկինում քննել են 2008թ մարտի 1-ի քաղբանտարկյալների դեմ հարուցված քրեական գործերը` ընդդիմադիր գործիչների նկատմամբ կայացնելով մեղադրական դատավճիռներ: Իսկ դա նշանակում է, որ նրանք չեն կարող հիմա անաչառ գտնվել Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցում: Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, եթե վճռաբեկ դատարանի դատավորներն ինքնաբացարկ հայտնեն, ապա չի մնա որեւէ մեկը: Սա, թերեւս, հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանում լուրջ վերափոխման կարիք ունի նաեւ դատական համակարգը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների զրույցի գաղտնալսումից հետո իշխանության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաները որոշել են փոխել իրենց բջջային հեռախոսահամարները, որպեսզի մի օր էլ այդ «ուխտն իրենց դռանը չչոքի»։ Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Հրաչյա Հակոբյանը մեր լրագրողին վստահեցրել է, որ ինքն անձամբ չի փոխել համարը, չկա նման բան։ Ի դեպ, գաղտնալսման հրապարակումը եւ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի ձեւավորումը՝ Հայաստանում մարդու իրավունքների ուսումնասիրության նպատակով, որոշակի սրբագրումներ են մտցրել իրավապահ կառույցների գործողություններում․ նրանք ավելի զգույշ են դարձել եւ գործեր հարուցելիս աշխատում են պահպանել օրինականությունը»։