Անկարան սպառնում է պատժամիջոցներ կիրառել Վաշինգտոնի դեմ
Թուրքիան սպառնում է պատասխան պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի դեմ, եթե Վաշինգտոնը որոշի պատժամիջոցներ կիրառել Անկարայի կողմից ռուսական S-400 զենիտային հրթիռների ձեռքբերման կապակցությամբ: Այս մասին Anadolu-ի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն:
«Նրանք ասում են՝ դուք S-400 եք գնում՝ մենք պատժամիջոցներ կկիրառենք: Եթե դուք պատժամիջոցներ եք կիրառում, ապա կտեսնեք մեր պատասխանը: Եթե նման հարաբերություններ եք ցանկանում, դա ձեր ընտրությունն է», - հայտարարել է հանրապետության ԱԳՆ ղեկավարը` մեկնաբանելով S-400-ի մասով Վաշինգտոնի կողմից հնարավոր պատժամիջոցների հարցը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Ընդ որում, Չավուշօղլուն նաեւ կարծիք է հայտնել, որ «ԱՄՆ-ի ղեկավարությունը չի ցանկանում փչացնել իր հարաբերությունները Թուրքիայի հետ S-400-ի թեմայի պատճառով»: