Ռուսաստանը պատրաստ է այլընտրանքային ինտերնետի ստեղծմանը
Ռուսաստանն ունի այլընտրանքային ինտերնետի ստեղծման համար բոլոր անհրաժեշտ հնարավորությունները, որոնք կարող է կիրառել հարկ եղած դեպքում: Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության նոր մարտահրավերների ու սպառնալիքների հարցերով վարչության տնօրեն Իլյա Ռոգաչովը:
Նա մանրամասնել է, որ այլընտրանքային ինտերնետի ստեղծման համար Ռուսաստանն ունի տեխնիկական, ֆինանսական, մտավոր ու մյուս բոլոր հնարավորությունները:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչը կարող է դառնալ այլընտրանքային ինտերնետի ստեղծման պատճառ՝ Ռոգաչովն ասել է. «Դրան կարող է հանգեցնել նախևառաջ մեր արևմտյան գործընկերների վարած քաղաքականությունը, երկակի չափանիշների սահմանումը: Եթե այդ երկակի չափանիշները շարունակվեն կիրառվել, ապա զուգահեռ գործող այլընտրանքային ինտերնետի ստեղծման մասին խոսակցություններ կսկսվեն»,-հավելել է Ռոգաչովը:
Միևնույն ժամանակ, պաշտոնյան ընդգծել է, որ, անկախ դրա համար առկա ներուժից, Ռուսաստանում այլընտրանքային ինտերնետի ստեղծումն այդքան էլ ցանկալի չէ:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2017թ. նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել առաջարկին, որ BRICS -ի անդամ երկների համար պետք է առանձին ինտերնետ ստեղծվի, ու կարգադրել է ինտերնետի կառավարման այնպիսի ինքնավար համակարգեր ստեղծել, որոնք ցանցը զերծ կպահեին ԱՄՆ-ի ու մի շարք եվրոպական երկրների գերակայությունից: