Արցախի ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելը վտանգավոր է. ԱՀ ՊՆ
Մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հաստատված հարաբերական կայուն իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել:
Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
ԱՀ պաշտպանության նախարարությունը նաև անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ցավալի միջադեպն ստացել է հանրային լայն հնչեղություն:
Հաշվի առնելով այն փաստը, որ առաջնագծից ոչ այնքան հեռու գտնվող թիկունքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, որն անգամ թեթևակիորեն կարող է սպառնալ ժողովրդի անվտանգությանը և անդրադառնալ սահմանային իրադրության վրա, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խորին մտահոգություն է հայտնում այդ եւ դրան հետեւած դեպքերի զարգացման վերաբերյալ:
Ընդունելով յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքի բացարձակ գերակայությունը և անթույլատրելի ու դատապարտելի համարելով բռնության ցանկացած դրսևորում՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ առանց այդ էլ արտաքին սպառնալիքների տակ գտնվող մեր երկրի ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից և հարցի հանգուցալուծումը դիտարկել բացառապես իրավական հարթությունում»: