ՀՀԿ-ն կարող է փոքրամասնություն դառնալ. Արման Սահակյանը լքեց խմբակցությունը
ՀՀԿ խմբակցությունը լքեց եւս մեկ պատգամավոր: Քիչ առաջ Արման Սահակյանը տեղեկացրեց, որ դուրս է գալիս խմբակցությունից եւ գործելու է որպես ազատ պատգամավոր:
«Հարգելի հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից եւ այսուհետ որպես պատգամավոր կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների եւ Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ: Պատրաստ եմ ակտիվորեն աջակցել թե´ գործող իշխանության, թե´ ընդդիմության իմ ընկերների` զարգացման տանող բոլոր նախաձեռնություններին, պատրաստվում եմ ավելի ակտիվ լինել մեր տնտեսության կայացման ճանապարհին առկա եւ առաջ եկող մարտահրավերները մատնացույց անելու հարցում»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Մինչ այս ՀՀԿ խմբակցությունը լքել էին Շիրակ Թորոսյանը եւ Արթուր Գեւորգյանը:
Ավելի վաղ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չէր բացառել, որ երկրում ընթացող քաղաքական գործընթացների ֆոնին ՀՀԿ-ն կարող է փոքրամասնություն դառնալ ԱԺ-ում: «Քաղաքական գործընթացներ են, մի զարմացեք: Որևէ մեկը երաշխավորված չէ, որ միշտ պետք է լինի իշխանություն»,- խորհրդարանում լրագրողներին ասել էրՎահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ կողմից ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բիզնեսներում կատարվող ստուգումներին:
Այսպիսով Հանրապետական խմբակցությունում մնում է 55 պատգամավոր, ևս մեկը Ֆելիքս Ցոլակյանը, նախկինում շեղվել էր խմբակցության որոշումից՝ դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը մայիսի 1-ի ընտրություններում։