24.11.2024
ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների համար «ճիշտ ժամանակին» բաց կլինի. Պետդեպ
prev Նախորդ նորություն

«Աշխարհն աղետի շեմին է». Գորբաչովը դիմել է ԱՄՆ և ՌԴ նախագահներին

Խորհրդային Միության վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը հարցազրույց է տվել իտալական La Repubblica պարբերականին՝ անդրադառնելով ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանը, ինչպես նաև միջազգային քաղաքական օրակարգի թերևս ամենահրատապ խնդրին՝ միջուկային պատերազմի սպառնալիքին:


«Աշխարհն աղետի շեմին է. կոչ եմ անում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներին աշխարհն ազատել զանգվածային ոչնչացման զենքից»,- ասել է հայտնի քաղաքական գործիչը՝  կոչ անելով երկու գերտերությունների ղեկավարներին հետևել ժամանակին իր ու Ռոնալդ Ռեյգանի ցուցադրած օրինակին:

30 տարի առաջ Վաշինգտոնում ԽՍՀՄ ղեկավարն ու ԱՄՆ նախագահը ստորագրել են գործողության միջին և փոքր շառավղով հրթիռների վերացման մասին համաձայնագիրը, ինչն էլ դարձել է գերտերությունների միջև «սառը պատերազմի» ավարտին ուղղված առաջին քայլը:

«Պետք էր անել առաջին վճռորոշ քայլը, և մենք դա արեցինք 1987թ. դեկտեմբերին: Դրանից հետո սկիզբ դրվեց միջուկային զինաթափման գործընթացին»,-պատմել է Գորբաչովը՝ ընդգծելով, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև առկա տարաձայնությունները հաղթահարելու համար հարկավոր է քաղաքական կամք դրսևորել:


ԽՍՀՄ վերջին նախագահի խոսքով՝ իր ու Ռեյգանի օրինակին պետք է հետևեն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարները: Նրանք պետք է երկխոսություն սկսեն ոչ միայն ամենահրատապ, այլև երկրորդական թվացող բազմաթիվ հարցերի շուրջ:


«Կոչով դիմում եմ երկու նախագահներին էլ՝ նոր շունչ հաղորդեք աշխարհը զանգվածային ոչնչացման զենքից ազատելուն ուղղված գործընթացին: Չեմ ուզում չափազանցնել, բայց միջուկային հակամարտության ռիսկն ահռելի է: Սպառազինման նոր մրցավազքն արդեն իրականություն է, ու այն աշխարհի համար կարող է աղետով ավարտվել: Ստեղծված իրավիճակը հնարավոր չէ լուծել կախարդական փայտիկի մի շարժումով: ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները պետք է իրենց ձեռքն առնեն միջուկային զինաթափման գործընթացի կառավարումը»,-ասել է 86-ամյա քաղաքական գործիչը՝ ընդգծելով, որ միջուկային պատերազմն անթույլատրելի է, քանի որ դրանում չի կարող հաղթող լինել: