Պայթյուններ եւ կրակոցներ. Թբիլիսիում իրականացվում է հակաահաբեկչական գործողություն (վիդեո)
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունենում հակաահաբեկչական հատուկ գործողություն: Քաղաքում հնչում են կրակոցներ եւ պայթյուններ, վիրավորվել է մեկ հատուկ ջոկատային:
Ինչպես գրում է interpressnews.ge-ն, այս մասին հայտնում են երկրի Պետական անվտանգության ծառայությունից: Նշվում է, որ վիրավորին տեղափոխում են հիվանդանոց:
Sputnik-georgia-ն էլ հայտնում է, որ հատուկ գործողության տարածք է բերվել հատուկ նշանակության տեխնիկա՝ թուրքական արտադրության «Կոբրա» զրահամեքենաներ:
Ենթադրաբար իրավապահները փորձում են ձերբակալել բնակարաններից մեկում արգելափակված երկու անձանց: Հայտնի է, որ վերջիններս կրակ են բացել իրավապահների ուղղությամբ:
Իրավապահներն արգելափակել են հարակից տարածքը, մոտակայքում գտնվող դպրոցում չեղարկվել են դասերը: Կրակոցների և պայթյունների հետևանքով հատուկ գործողության անցկացման վայրում հրդեհ է բռնկվել: Այն տարածվել է բնակելի շենքի 3-րդ և 4-րդ հարկերում:
Համաձայն որոշ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ խոսքն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված անձանց դեմ իրականացվող հատուկ գործողության մասին է:
Տեղի բնակիչները պատմել են, որ շենքում ապրում են օտարերկրացիներ, որոնք մի քանի բնակարան են վարձում: Մեկ այլ վարկածի համաձայն՝ անձինք, որոնց փորձում են ձերբակալել իրավապահները, Պանկիսի կիրճից են:
Նշենք, սակայն, որ պաշտոնապես այս տեղեկությունները չեն հաստատվել: