24.11.2024
ԱԳՆ-ը ստուգում է Գերման Ստերլիգովի Արցախ մեկնելու լուրերը
prev Նախորդ նորություն

Հայաստանը և ԵՄ-ն քննարկել են տարածաշրջանի անվտանգության խնդիրները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն հուլիսի 7-ին ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Ինչպես հայտնում են նախագահի մամլո ծառայությունից, հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին, առկա խնդիրներին և կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ հետագա հնարավոր ջանքերին, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Եվրամիության հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ, ինչպես նաև խնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հանձնառությունը: Սարգսյանը կարևորել է ս.թ. մայիսի 21-22-ին Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին, ներառյալ` այդ երկրների նախագահների մակարդակով 2009թ-ից ի վեր արված հայտարարություններին:

Հերբերտ Զալբերն ընդգծել է, որ Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ձևակերպումներն "արդար էին և միանգամայն համարժեք իրավիճակին":

Նա վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցություններին՝ շեշտելով, որ այդ ձևաչափի պահպանման հարցում Եվորպակա Միության դիրքորոշումը մնում է անփոփոխ: