VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրավունք» թրթը գրում է. «Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երեւանի ավագանու նիստերը փորձեց «դժոխքի» վերածել, թեեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հակառակն էր ասում՝ դժոխքի շունչ չի զգացել: Հետաքրքիր է՝ դժոխային նոր սցենարներ կա՞ն աշնան համար, թե ոչ: Զանգահարեցինք «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Սեդա Մելիքյանին: Վերջինս ասաց, որ կուսակցության անդամները հեռախոսով պարզաբանումներ չեն տալիս, իսկ եթե ասելու բան ունենան եւ նոր նախաձեռնություններ, մամուլի ասուլիսով դա կհրապարակեն: ԵԾ-ի ներկայացուցիչն անգամ չասաց, թե հիմա կուսակցությունը ինչո՞վ է զբաղվում՝ հանգստանո՞ւմ է, թե՞ դեռ աշխատում է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դիլիջան ազգային պարկի» նոր տնօրեն Արմեն Աբրահամյանը զինվորական է եղել, ղարաբաղցի է ու ջերմ հարաբերություններ ունի Կարեն Կարապետյանի հետ: Չնայած, ըստ տեղեկությունների, վարչապետն է նրա նշանակման հարցում դերակատարում ունեցել: Նա 90-ականներին մասնակցել է Արցախյան պատերազմին, իսկ 2006-ին նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար: Նշենք, որ ՀՅԴ-ն, ի դեմս նախարար Արծվիկ Մինասյանի, ամեն ինչ անում էր, որ պարկի տնօրեն նշանակվի յուրայինը: Նախկին տնօրեն Սահակ Մուրադյանը՝ պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին, անցած շաբաթ ազատման դիմում ներկայացրեց՝ Դիլիջանում ծառերի զանգվածային ջարդի պատմության հրապարակայնացումից հետո: Ի դեպ, ազգային պարկի պաշտոնական կայքէջում երեկվա դրությամբ տնօրենը դեռ Սահակ Մուրադյանն էր»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իտալիայում բնակվող Արթուր Ասատրյանը՝ դոն Պիպոն, շարունակում է անշարժ գույք ձեռք բերել իր ծննդավայր Էջմիածնում: Քաղաքում գործող առեւտրի եւ սպասարկման մի շարք օբյեկտներ, որ վաղուց արդեն Ասատրյան ընտանիքի սեփականությունն են, շարունակում են համալրվել:
Հերթական գործարքը, ճիշտ է՝ այնքան էլ արագ առաջ չի գնում, հատկապես Պիպոյի հետ կապված վերջին աղմկահարույց դեպքից՝ մահափորձի նախապատրաստությունից եւ դրա բացահայտումից հետո, բայցեւայնպես, առեւտուրն արդեն ընթացք է ստացել: Մեր տեղեկություններով, Դոնը երկու մասնավոր տուն է գնել Էջմիածնի Արարատյան փողոցում՝ Մայր Աթոռի հարեւանությամբ: Եվ, քանի որ դրանք վանքապատկան տարածքում են, տանտերերն աստղաբաշխական գին են պահանջել: Ըստ մեր աղբյուրի՝ տներից յուրաքանչյուրի համար Դոնը 100 հազար դոլարի կարգի գումար է վճարել՝ Էջմիածնում չլսված թվեր: Դեռեւս տարիներ առաջ, երբ եկեղեցին իրեն պատկանող տարածքը «մաքրեց» բազմաթիվ շենք-շինություններից՝ վերադարձնելով իր հասանելիք տարածքը, խոսակցություններ եղան նաեւ այն մասին, որ հաջորդն այդ տներն են լինելու: Բնակիչների առաջարկած գինը, սակայն, եկեղեցուն «ձեռք չտվեց», եւ նա այն չգնեց՝ հավանաբար, սպասելով առատաձեռն մի բարերարի: Եվ, ահա, այդ օրը չուշացավ:
Իտալահայ գործարարը, որ նաեւ շատ մոտ հարաբերություններ ունի Գարեգին Բ կաթողիկոսի հետ, որոշել է գնել տներն ու նվիրել եկեղեցուն: Նվիրատվության մասին խոսակցությունները, ըստ մեր աղբյուրի, թեեւ նախնական են, բայց իրականությանը մոտ։ «Դա մի տարածք է, որտեղ, ճիշտ է՝ ցանկացած նախաձեռնություն մեծ եկամուտներ կբերի, բայց ոչ Պիպոյի դեպքում: Այնպես չէ, որ բիզնես շահը նրան չի հետաքրքրում: Բայց նա հավատքի մարդ է եւ երբեք իր հավատքի հաշվին բիզնես չի անի: Եթե մտածել է նվիրատվություն անի, ուրեմն ճիշտ լուծումը դա է»,-ասաց նրա ընկերներից մեկը: Նկատենք, որ Պիպոն սերտ հարաբերություններ ունի նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ եւ երկու Կարապետյանների հիմնած «Ներդրողների ակումբի» անդամ է: Չի բացառվում, որ ակումբին անդամակցելով ու ներդրումներ անելով՝ նա փորձում է Էջմիածնում ամրապնդել իր դիրքերը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանական ծագում ունեցող Իրանի ամենահայտնի դերասանուհիներից ու երգչուհիներից մեկը՝ Գուգուշը (քաղաքացիական անունը Ֆաիեգ Աթեշին) Instagram/ի իր էջում գրառում է կատարել օգոստոսի 31-ին Երևանում կայանալիք համերգի մասին: Երգչուհին իր այդ գրառումը վերնագրել և առանձնացրել է՝ «վերջապես» (#finally) և «պատմություն է գրվում» (#historyinthemaking) հեշթեգերով:
Տեղեկացնենք, որ հայտնի երգչուհու այցը Հայաստան մի քանի առումով է հետաքրքիր: Նախ, որ այն հիստերիայի մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում: 2011-ին, երբ Բաքվում փորձել են կազմակերպել Գուգուշի համերգը, նա հրաժարվել է Ադրբեջան մեկնել առանց իր հայ ընկերոջ, որի պատճառով էլ համերգը չեղյալ է հայտարարվել: Այսինքն՝ իրանցի արտիստը ազգությամբ հայ զուգընկեր ունենալու պատճառով արդեն իսկ հասցրել է ադրբեջանական սև ցուցակում գրանցվել, ինչը նշանակում է, որ այլևս չի կարող այդ երկիր մեկնել: Բայց սա, կարծես թե, այնքան է ազդել ադրբեջանական կողմի վրա և հիմա էլ սեփականատիրական զգացումից ելնելով մտածում են, որ հայտնի երգչուհին, այնուամենայնիվ, իրենցն է և չի կարող Հայաստանում համերգ տալ:
Ի դեպ, 2000 թվականին ԱՄՆ տեղափոխվելուց հետո սա Գուգուշի առաջին համերգն է նախկին ԽՍՀՄ–ի տարածքում: Հայաստանից հետո, սեպտեմբերի 3–ին երգչուհին ելույթ կունենա նաև Վրաստանի մայրաքաղաքում: Տեղեկացնենք նաև, որ բացի մշակութային իրադարձությունից Գուգուշի Հայաստան այցն ամենայն հավանականությամբ կդառնա համաշխարհային մամուլի կողմից ամենալուսաբանվածներից մեկը, քանի, որ նա իրոք բազմաշերտ և ինքնատիպ անհատականություն է և այս գործոնը թե՛ քաղաքական և թե՛ այլ նկատառումներից ելնելով չի կարելի անտեսել»: