24.11.2024
ՀՀ-ից 2017-ի առաջին 3 ամսում ՌԴ է արտագաղթել 2500 աշխատանքային միգրանտ
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Մոտ ապագայում ՀՀ դեսպանների մեծ փոփոխություններ են սկսվելու

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրավունք» թերթը գրում է. «Երկուշաբթի ԱԺ գյուղատնտեսական հանձնաժողովի նիստին ՀՅԴ-ն դեմ էր քվեարկել Սեւանա ջրի բացթողնման հարցին: Մինչ այդ, դեմ էր արտահայտվել նաեւ բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը: Իսկ երեքշաբթի, ահա, ընկեր դաշնակները 180 աստիճանով փոխել են իրենց դիրքորոշումները: Թե ինչով է պայմանավորված նման «հեղաշրջումը»՝ դժվար է ասել: Ընդդիմությունը, ի դեմս «Ծառուկյան» դաշինքի, չնայած որ սրտներով չի, բայց կողմ են քվեարկել նախագծին, իսկ ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, որը կառավարությունում ունի զգալի ներկայություն, նման խաղեր է տալիս: Եթե Դաշնակցությունը իսկապես դեմ գնար ՀՀԿ-ին՝ Սեւանի հարցում, ապա դժվար թե կոալիցիան շարունակեր նույն կերպով աշխատել: Հետեւապես, Դաշնակցությունը մի փոքր «բազար» սկսելով, արագորեն, 180 աստիճանով վերափոխեց իր դիրքորոշումը, գուցե, այդ ընթացքում էլ ինչ-որ բան ավելացնելով կուսակցության բալանսին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԳՆ ապաշնորհությունից եւ ոչ նախաձեռնողական արտաքին քաղաքականությունից դժգոհ է ոչ միայն ամբողջ հանրությունը, այլ նաեւ իշխանությունները: Հավանաբար, հենց այս պատճառով էլ մոտ ապագայում դեսպանների մեծ փոփոխություններ են սկսվելու, որի արդյունքում այդ պաշտոններում նշանակվելու են մարդիկ, ովքեր կապ չունեն դիվանագիտական ծառայության հետ: Մասնավորապես, ըստ մեր ունեցած նախնական տեղեկությունների, ՆԱՏՕ-ում, Վրաստանում, Լատինական Ամերիկայի երկրներում, Չեխիայում եւ Կանադայում կնշանակվեն դեսպաններ, ովքեր նախարարության հետ որեւէ աղերս չունեն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգընտիրներին եւս երկու տանջալից օրեր են սպասվում, հուլիսի 6-ին Ազգային ժողովում կառավարության առաջարկով արտահերթ նիստ կգումարվի, որը, ամենայն հավանականությամբ, կձգվի 2-3 օր։ Օրակարգում 9 հարց է ընդգրկված. Սեւանից ջրառի վերաբերյալ նախագծի երկրորդ ընթերցումից բացի, կքննարկվեն 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, Կենտրոնական բանկի 2017թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրը, դատախազության 2016թ. գործունեության մասին հաղորդումը եւ այլն։ Իսկ երեկվա արտահերթին օդիոզներից շատերը ներկայացել էին արձակուրդային տրամադրությամբ՝ մեկ գրանցվելիս դահլիճ ոտք դրեցին, մեկ վերջում՝ քվեարկելիս։ Ի դեպ, երկու գեներալները ներկա չէին երեկվա արտահերթին, որոշ տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանը տեւական ժամանակ է, ինչ Ֆրանսիայում է, իսկ Սեյրան Սարոյանը նախօրեին մեկնել է Մոսկվա՝ ոտքերի հերթական հետազոտության»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2017 թվականի դրությամբ իր ունեցվածքի եւ եկամուտների մասին հայտարարագիրը: ԲՀԿ նախագահի կարողությունը քանի որ շատ մեծ է այն ներկայացնում ենք գլխագրերով: Բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքը 5 հատ առանձնատուն, 1 հատ ամառանոց եւ 7 հատ հողամաս: Բարձրաստիճան պաշտոնատար անձի առկա շարժական գույքը` պաշտոնը ստանձնելուօրվա դրությամբ Գագիկ Ծառուկյանը, ընդհանուր առմամբ, ունի 12 հատ ավտոմեքենա: Դրանք են՝ BMW X5, Toyota Land Cruiser Prado, Jeep Wrangler, Rolls-royce Phantom 6.7, Nissan Patrol 3.0, Rolls-royce Phantom, Range Rover Sport 4.4, Toyota Land Cruiser, Toyota Land Cruiser 200, Toyota Tundra, Mercedes-Benz AMG, Bentley Bentayga:


Բարձրաստիճան պաշտոնատար անձի արժեթղթերը եւ այլ ներդրումները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ: Գագիկ Ծառուկյանը 42 ընկերությունում բաժնետոմսեր եւ բաժնեմասեր ունի: Դրանց թվում կան նաեւ ռուսական, բելառուսական ռուբլով, բուլղարական լեւով, ԱՄՆ դոլարով եւ դրամով բաժնետոմսեր: ԲՀԿ նախագահը 48 տարբեր անձանց փոխառությամբ գումար է տվել: Ամենամեծ գումարը շուրջ 29 միլիարդ դրամն է:


8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք: Հայտարարագրի այս հատվածն «ամենաէկզոտիկն» է: Այստեղ Գագիկ Ծառուկյանին պատկանող թանկարժեք իրերն են գրանցված: Նա ունի 8 միլիոն դրամը գերազանցող ննջարանի կահույքի ութ հավաքածու, ճաշասենյակի կահույքի երկու հավաքածու, կահույքի մեկ այլ հավաքածու, 1 վարագույր, ձեռքի 3 ժամացույց եւ 3 հատ մատանի:


«Ծառուկյան» խմբակցության ղեկավարը 2017 թվականի մայիսի 24-ի դրությամբ, երբ ներկայացրել է հայտարարագիրը, ունեցել է 470 միլիոն դրամ, 9.7 միլիոն դոլար եւ 7.2 միլիոն եվրո: Նրա եկամուտը գոյացել է հետեւյալ կերպ՝ 2 միլիոն դրամ ստացել է աշխատանքի դիմաց վարձատրությունից, 649 միլիոն դրամ շահաբաժիններից, 370 միլիոն դրամ տված փոխառությունների դիմաց ստացած վճարումներից, 5 միլիոն դրամ վարձակալության դիմաց ստացած վճարումից, 2.6 միլիոն դրամ այլ աղբյուրից: Ընդհանուր առմամբ՝ նա ստացել է 1 միլիարդ 25 միլիոն դրամ եկամուտ չհաշված այն հանգամանքին, որ 20 միլիոն եվրո փոխառություն է ստացել, որը հայտարարագրում նշված է որպես վարկային միջոց»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունը կառավարության առաջիկա նիստի քննարկման է առաջարկել փոփոխություններ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում: Այդ փոփոխությունների հիմնական բովանդակությունն այն է, որ խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք են ձեռք բերում ՀՀ Սահմանադրական դատարանի անդամները: Սահմանադրական դատարանի անդամների՝ հավաքներին մասնակցելու սահմանափակումների վերացումը, իհարկե, չափազանց կարեւոր դրույթ է, եւ դա հենց այն էր, ինչը չէր բավականացնում Հայաստանը աշխարհին՝ ամենաժողովրդավարական երկրների շարքում հայտնվելու համար: Օրենսդրական այս փոփոխությունից հետո, թերեւս, մեր ՍԴ անդամներն արդեն «արխային» դուրս կգան փողոց եւ իրենց պահանջներն ու դժգոհությունները կհայտնեն, ինչի իրավունքից նրանք զրկված են եղել մինչեւ հիմա: Սա լրջագույն ձեռքբերում է Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին:


Համենայնդեպս, այսպիսի տպավորություն կարելի է ստանալ փոփոխությունների նախագծին կցված հիմնավորումներից: Առաջարկվող այս փոփոխությունից կարելի է նաեւ մոտավոր պատկերացում կազմել, թե որքան հեղափոխական ազդեցություն են ունենալու Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները, քանի որ օրինագծի մշակումը թելադրված է ՀՀ Սահմանադրության «բարեփոխումներով»: Բերված օրինագծի կարեւորությունը ընդգծվում է նաեւ նրանով, որ այն կառավարության նիստի օրակարգում է հայտնվել Սահմանադրության օրվան ընդառաջ: Մնում է հուսալ, որ հանրահավաքի դուրս եկած ՍԴ անդամների դեմ ջրցաններ չեն կիրառի, քաղաքացիական հագուստներով ու դեղերի տակ գտնվող ոստիկանները նրանց քացու տակ չեն առնի, ու նրանց քաղմասներ չեն տանի մի քանի օրով, ինչպես լինում է հանրահավաքների ու երթերի մասնակցող սովորական մահկանացուների դեպքում մեր՝ այլեւս աշխարհի ամենաժողովրդավարական երկրում»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած «Ժառանգության» համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական ուժերին համախմբման կոչ արեց՝ «Ժառանգությունն» այսօր որևէ ուժի հետ չի բանակցում ու քաղաքական կոնսուլտացիաներ չկան: Այս մասին «Փաստի» հարցին ի պատասխան ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Եթե կցանկանան միավորվել բոլորով, մենք պատրաստ ենք մաս կազմել, չեն ցանկանա, իրենց խնդիրն է: Մարդիկ կան, որոնք ընդունում են էդ գաղափարը, մարդիկ կան՝ չեն ընդունում, մարդիկ կան՝ իրենք են միակ ճիշտը: Մի խոսքով՝ նորմալ հայկական իրավիճակ ա»,– ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը՝ հակադարձելով Ժառանգության հասցեին հնչած գնահատականներին: Նշենք, որ «Ելք» դաշինքն ու ՀԱԿ–ը արդեն իսկ ոչ դրական արձագանք են տվել Րաֆֆի Հովհաննիսյանի կոչին: Հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել այդ գաղափարը կենսունակ դարձնելու համար, Մարտիրոսյանն ասաց. «Կենսունակ դարձնելու համար որևէ բան չենք պատրաստվում անել, բացի այն, որ մաս կկազմենք: Պաշտոն չենք բաժանում, որ բանակցենք: Րաֆֆի Հովհաննիսյանը համախմբում չի ստեղծում, ինքը ասաց՝ որևէ մեկին չեմ հրավիրում, կցանկանան՝ խնդիր չկա, չեն ցանկանա` իրենց գործն է»: