Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի այցը Կիպրոսի Հանրապետություն: Պաշտոնական այցի երկրորդ օրը` մայիսի 30-ին, կայացել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ։ Ողջունելով հայաստանյան պատվիրակության այցը Կիպրոս, Նիկոս Անաստասիադիսը համոզմունք է հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա դարավոր բարեկամության վրա խարսխված հայ-կիպրական համագործակցությունը խորացնելու գործում։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ պաշտպանության նախարարը Կիպրոսի նախագահին է ներկայացրել կիպրացի իր պաշտոնակցի հետ նախօրեին կայացած բանակցությունների մանրամասները, նշել ուղղությունները, որոնց շուրջ կարող է ծավալվել երկու երկրների պաշտպանական գերտեսչությունների համագործակցությունը։ Կիպրոսի նախագահը բարձր է գնահատել հայկական համայնքի դերը, որը ներդաշնակ կերպով ինտեգրվել է Կիպրոսի հանրային կյանքին, միևնույն ժամանակ` պահպանելով իր մշակույթը, լեզուն և կրոնական ինքնությունը: Վիգեն Սարգսյանի խնդրանքով Նիկոս Անաստասիադիսը ներկայացրել է Կիպրոսի խնդրի շուրջ վերջին զարգացումները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արցախյան հիմնախնդրին։ ՀՀ պաշտպանության նախարարը երախտագիտություն է հայտնել Կիպոսի նախագահին՝ Արցախի հարցում կառուցողական և հետևողական դիրքորոշման համար։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու բարեկամ երկրների փոխգործակցության զարգացման համար առկա է մեծ ներուժ, որը պետք է իրացնել։
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաև Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի հետ։
Ողջունելով Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը, Դիմիտրիս Սիլուրիսը կարևորել է այցը և նշել, որ պատմական բարեկամական կապերը պետք է հարստացնել նաև գործնական քայլերով։ Հայաստանի պաշտպանության նախարարը, հիշատակելով 2015 թվականին Հայաստանում կայացած Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն, տեղեկացրել է, որ Հայաստանն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, որի պարագայում կտրուկ բարձրանում է Ազգային ժողովի դերը։ Այս համատեքստում, Վիգեն Սարգսյանի համոզմամբ, առավել կարևորվում է միջխորհրդարանական խմբերի համագործակցությունը, ինչպես նաև խորհրդարանական պատվիրակությունների փոխգործակցությունը միազգային հարթակներում, ինչն առավել արդյունավետ կդարձնի միասնական քաղաքական մարտահրավերներին համատեղ ուժերով դիմակայելը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կիպրոսյան և արցախյան հիմնախնդիրներին առնչվող հարցեր։
Մայիսի 30-ին Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաև Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ։ Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, որպես հայ-կիպրական փոխգործակցությունը խորացնելու կարևոր նախադրյալ, նշել է երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը։ Իոաննիս Կասուլիդեսը կարևորել է նաև հայ համայնքի գործոնը, որը լիարժեք ինտեգրվել է Կիպրոսի հասարակական-քաղաքական կյանքին՝ միևնույն ժամանակ նաև պահպանելով իր ազգային ինքնությունը։ Կիպրոսի արտաքին գործերի նախարարի համոզմամբ՝ Վիգեն Սարգսյանի այցը կարող է հզոր ազդակ դառնալ հայ-կիպրական համագործակցության խորացման համար, մասնավորապես՝ պաշտպանական ոլորտում։ Նախարար Կասուլիդեսը ջերմությամբ է վերհիշել Հայաստան կատարած իր այցերը։
Հայաստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմի ջերմ ընդունելության համար և ներկայացրել նախօրեին կայացած բանակցությունների մանրամասները։ Վիգեն Սարգսյանը նշել է, որ ժամանակակից մարտահրավերները պարտադրում են համադրել ուժերը՝ դրանց արդյունավետ դիմակայելու համար։ Լարվածության նոր օջախների ձևավորումն, ըստ Վիգեն Սարգսյանի, անթույլատրելի է և հղի անկանխատեսելի հետևանքներով։ Այս առումով, ըստ նախարար Սարգսյանի, առավել շեշտադրվում է ընդհանուր շահեր ունեցող պետությունների ջանքերի համադրումն ու արդյունավետ երկխոսության զարգացումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արցախյան և կիպրոսյան հիմնախնդիրները։ Կիպրոսի արտգործնախարարի համոզմամբ՝ սխալ է զուգահեռներ անցկացնելը երկու այս խնդիրների միջև, քանի որ, իր տարբերություն Հյուսիսային Կիպրոսի, որը բռնազավթվել է Թուրքիայի կողմից, Արցախը հայերի պատմական տարածքն է, նրանք այնտեղ միշտ են եղել, պայքարել են իրենց անվտանգության համար և անկախություն հռչակել։ Վիգեն Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Իոաննիս Կասուլիդեսին՝ Արցախի հարցում հստակ և հետևողական դիրքորոշման համար, նշելով, որ այն չափազանց կարևոր է բարեկամ Հայաստանի համար։