ՀՀ-ում վարորդական իրավունքը կվերականգնվի առանց քննության՝ փորձաշրջանով
Լուսանկարը` sputnik
Հայաստանում վարելու իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն կտրվի մեկ անգամ վերականգնել փաստաթուղթն առանց քննության հանձնման՝ պետական տուրքի վճարմամբ և մեկամյա խիստ փորձաշրջանի պայմանով:
Համապատասխան օրենսդրական նախագիծը մայիսի 27-ի կառավարության նիստում ներկայացրել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Գործող կարգավորումներով վարորդական իրավունքի վերականգնումը զրկման ժամկետի ավարտից հետո պահանջում է պարտադիր քննությունների հանձնում՝ անկախ նրանից զրկումն առաջին անգամ է, թե ոչ։ Նոր մոդելով առաջարկվում է զրկման մեկ տարվա ժամկետը լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում թույլատրել քաղաքացիներին վերականգնել վարելու իրավունքը՝ վճարելով 50,000 դրամ պետական տուրք:
Այս հնարավորությունը կտրվի բացառապես մեկ անգամ և կուղեկցվի խիստ սահմանափակումներով։ Վերականգնումից հետո սահմանվում է փորձաշրջան, որի ընթացքում վարորդին կտրվի ընդամենը 6 տուգանային միավոր՝ ստանդարտ 13-ի փոխարեն։ Եթե վարորդը սպառի այդ 6 բալը կամ այդ ընթացքում կրկին կատարի այնպիսի խախտում, որը ենթադրում է զրկում, նա ավտոմատ կերպով ևս մեկ տարով կզրկվի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Նախարարը շեշտել է, որ նոր մոդելում շեշտադրված է ավելի խիստ մեթոդաբանություն, քանի որ սովորական պայմաններում 13 բալը սպառելիս իրավունքը միայն կասեցվում է, այլ ոչ թե զրկվում։
Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ զրկման դեպքում վերականգնումն իրականացվելու է բացառապես քննությունների միջոցով։ Նախագիծը պարունակում է նաև անցումային դրույթ, որը հնարավորություն կտա 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում զրկված անձանց ևս օգտվել վերականգնման այս նոր ընթացակարգից:
Նորմը տարածվելու է միայն ոստիկանության կողմից վարչարարության շրջանակներում կայացված որոշումների վրա։ Այն չի կիրառվի դատարանների կամ օտարերկրյա իրավասու մարմինների կողմից կիրառված զրկումների դեպքում։ Բացի այդ, ընթացակարգը չի գործելու անձին անգործունակ ճանաչելու, ինչպես նաև հոգեկան հիվանդությունների, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործման և առողջական այլ հակացուցումների հիմքով վարելու իրավունքի դադարեցման պարագայում: