ՄԻՊ միջամտությամբ փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտե
Ապրիլի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ստացել է մի քանի ահազանգեր փաստաբաններից առ այն, որ իրենց վստահորդներին արգելանքի են վերցրել և տեղափոխել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, սակայն նրանց վստահորդներին տեսակցելու և պատշաճ իրավաբանական օգնություն ապահովելու հնարավորություն չի տրվում:
ՄԻՊ–ից հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից ձեռնարկված միջոցների և քննչական մարմնի հետ քննարկումների արդյունքում Պաշտպանի հաստատություն դիմած փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտեի շենք և իրացնել անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետևել գործընթացին և հարկ է համարում կրկին ընդգծել իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի առանցքային բնույթն ու դրա պատշաճ երաշխավորման կարևորությունը ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի իրավունքների ապահովման տեսանկյունից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը տեղեկացրել էր կուսակցականների և համակիրների բերման ենթարկման մասին: Նա նշել էր, որ առավոտվանից խոչընդոտում են փաստաբանների մուտքը բերման ենթարկվածների մոտ:
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 14 անձինք՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով: