«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ պատրաստ է դառնալ կամուրջ՝ ապահովելու ակտիվ երկխոսություն Ռուսաստանի և Արևմուտքի մարզաշխարհի միջև, քննարկելու բոլոր հարցերը և միասնաբար գտնելու լուծումներ՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ: Այս մասին- «Առավոտին» տված հարցազրույցում ասել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Նա անդրադարձել է նախօրեին Հայաստանում անցկացված Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումին, որի ընթացքում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընտրվեց ասոցիացիայի նախագահ: Ըստ Ռոստոմյանի՝ դա ասոցիացիայի բոլոր անդամների խնդրանքն էր, որի մասին բարձրաձայնել է ասոցիացիայի նախագահ Ազատ Մուրադովը:
"Նա հանդես եկավ բավականին ծավալուն ելույթով, որտեղ մանրամասն խոսեց այն ահռելի աշխատանքի մասին, որն այս տարիներին պարոն Ծառուկյանն իրականացրել է սպորտի բնագավառում: Մուրադովը նշեց, որ Գագիկ Ծառուկյանն իր կյանքի մեծ մասը նվիրել է սպորտի զարգացմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում, և նրա ներդրումներն ու աշխատանքը տեսանելի են եղել նաև միջազգային օլիմպիական համայնքին: Հաշվի առնելով այդ ամենը՝ պարոն Մուրադովը Գագիկ Ծառուկյանին փոխանցեց ասոցիացիայի անդամների խնդրանքը՝ գլխավորելու մարզական այդ կարևոր կառույցը և նշեմ, որ նրանց խնդրանքին ՀԱՕԿ նախագահն արձագանքեց մեծ սիրով՝ ընդգծելով, որ պատրաստակամ է դառնալու միավորող ուժ և կամուրջ Եվրոպայի և Ասիայի մարզական ընտանիքների միջև",-պատմել է նա:
Ինչ վերաբերում է ֆորումին, ապա Ռոստոմյանն այն որակել է բացառիկ կարևորության միջոցառում և մեծ պատիվ՝ Հայաստանում հյուրընկալել նման մակարդակի նախաձեռնություն։ Ֆորումի աշխարհագրությունը լայն էր՝ Գերմանիա, Չինաստան, Մոլդովա, Լիտվա, Իրան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ղազախստան և մի շարք այլ երկրներ պատրաստակամություն են հայտնում համախմբվել՝ մարզական գործակցությունն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ:
"Սա մի հարթակ է, որտեղ սպորտը դառնում է միավորող ուժ։ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի ռազմավարական նպատակն է զարգացնել սպորտը միջազգային մակարդակում, ապահովել երկխոսություն պետությունների միջև՝ առաջատար փորձի փոխանակման նպատակով։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մշտապես ողջունել է և աջակցել Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախաձեռնություններին։ Վստահ ենք՝ դրանք օգնելու են թե´ հայրենական, թե´ միջազգային սպորտի զարգացմանը, և օգնելու են գործընկեր պետություններին՝ է´լ ավելի խորացնելու գործակցությունը և համատեղ նախագծերի իրականացումը։ Այս համաժողովը աշխատելու շատ լուրջ հնարավորություն է ստեղծում բոլորիս համար՝ փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման առումով։ Իսկ եթե ավելի կարճ՝ սա կամուրջ է Եվրոպայի և Ասիայի մարզաշխարհների միջև",- ընդգծել է նա։
Հարցին՝ ինչո՞ւ ՌԴ-ն չի մասնակցել ֆորումին, Հրաչյա Ռոստոմյանը նշել է, որ, ցավոք, սպորտը ևս դարձել է մեծ քաղաքականության մի մաս և այստեղ անարդարության էլեմենտ կա, քանի որ ՌԴ օլիմպիական կոմիտեն, մարզական գերատեսչությունները մարզիկները մշտապես ներկայացված են եղել նման հարթակներում։
"Եվ ես կարծում եմ, որ հենց այստեղ է կարևորվում մեր առաքելությունը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ պատրաստ է դառնալ կամուրջ՝ ապահովելու ակտիվ երկխոսություն Ռուսաստանի և Արևմուտքի մարզաշխարհի միջև, քննարկելու բոլոր հարցերը և միասնաբար գտնելու լուծումներ՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ: ՀԱՕԿ-ը պատրաստ է հանդես գալ որպես ընդունող կողմ՝ տարբեր պետությունների մարզիկների համատեղ հավաքների համար, քանզի մեր մարզական օբյեկտները, կլիման, աշխարհագրական ռելիեֆը, մի շարք մարզական ուղղությունների համար բացառիկ հարմարավետ են։ Մենք պատրաստ ենք նաև մարզիչների և մարզական մասնագետների փոխանակման համատեղ խոշոր նախագծեր իրականացնել, համատեղել ջանքերը՝ միջազգային մակարդակում սպորտի զարգացման և Եվրասիական մայրցամաքի մի շարք պետությունների միջև առաջատար փորձի փոխանակման նպատակով",- հավելել է նա:
Ռոստոմյանը մեկնաբանել է նաև նախօրեին տարածված այն լուրը, որ Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով 2025 թվականի սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները: Նախ շեշտեց՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, ինչպես նաև դրա ղեկավար կազմը, իրենց պարտականություններն ու լիազորություններն իրականացնում են ՀԱՕԿ կանոնադրության և Միջազգային օլիմպիական կոմիտեի Օլիմպիական խարտիայի համաձայն։
"Ընտրված պաշտոնյաները շարունակում են կատարել իրենց գործառույթները մինչև ՀԱՕԿ Գլխավոր ասամբլեայի առաջին հատուկ նիստի անցկացումը։ Քանի դեռ այդ նիստը չի կայացել, նրանց պաշտոնավարումը շարունակվում է։ Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստը նշանակված էր 2026 թվականի ապրիլի 11-ին, ժամը 15:00-ին։ Սակայն ՀԱՕԿ բազմաթիվ անդամներից միայն մեկը՝ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը, ստանալով օրակարգը, որոշել է որևէ առաջարկ չներկայացնել օրակարգային հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ թեկնածությունների մասով, և որոշել է, որ պետք է խոչընդոտի կոմիտեի բնականոն աշխատանքը։
Ստեղծված իրավիճակում կարևոր եմ համարում ընդգծել, որ մենք այս հարցի լուծումը տեսնում ենք իրավական տիրույթում և առաջնորդվելու ենք իրավական մեխանիզմներով։ Մեր իրավաբանների թիմն աշխատում է այս ուղղությամբ և այս հարցի հանգուցալուծումը մեր և մեր մարզաշխարհի օգտին է լինելու։ Ինչ վերաբերում է մարզաշխարհի արձագանքին, կարծում եմ՝ ոլորտի ներկայացուցիչները պետք է այս իրավիճակին մոտենան օլիմպիական հանդարտությամբ ու հանգստությամբ։ Մենք բոլոր իրավիճակներում եղել ենք միասնական և վստահ եմ՝ նույն միասնականությամբ էլ կհաղթահարենք այս ոչ հաճելի փուլը։ Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել ու որն էլ այս տարիների ընթացքում ընկած է եղել մեր բոլոր հաղթանակների հիմքում",- հավելել է Հրաչյա Ռոստոմյանը։