20.01.2026
Լուսանկարը` mfa.am
prev Նախորդ նորություն

Հայաստանի պետական պարտքը 2025-ի վերջի դրությամբ 14.5 միլիարդ դոլար է

«Հետքը» գրում  է.


2025 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 14.5 միլիարդ դոլար։ Դա արտաքին և ներքին պետական պարտքի հանրագումարն է։ Տվյալները հրապարակել է Ֆինանսների նախարարությունը։


2025 թվականին (2024 դեկտեմբերի վերջի համեմատ) Հայաստանի պետական պարտքն աճել է 13.1%-ով կամ մոտ 1.7 մլրդ դոլարով։


Այսօր Հայաստանի ներքին պարտքը գերազանցում է արտաքին պարտքին։


Մասնավորապես, 2025-ի տարեվերջին ներքին պարտքը կազմել է 7.5 մլրդ դոլար, որը տարեսկզբի համեմատ ավելացել է 1.1 մլրդ դոլարով կամ 17.3%-ով։ Այսինքն՝ ընդհանուր պետական պարտքի աճը պայմանավորված է առավելապես ներքին պարտքի աճով։ Ներքին պարտքը մեծապես ռեզիդենտների կողմից ձեռքբերված պետական գանձապետական պարտատոմսերից է գոյանում։


Ներքին պարտքը տրվում և մարվում է ՀՀ դրամով։ Դրամային հաշվարկով՝ 2025 թվականի վերջի դրությամբ Հայաստանի ներքին պարտքը կազմել է 2.9 տրիլիոն դրամ։


Նույն ընթացքում արտաքին պարտքն աճել է 9%-ով կամ 0.6 մլրդ դոլարով՝ կազմելով 7 մլրդ դոլար։ Դա միջազգային կազմակերպություններից ու տարբեր պետություններից վերցված արտաքին վարկերն ու փոխառություններն են, ոչ ռեզիդենտների կողմից ձեռքբերված արտարժութային պետական պարտատոմսերը կամ նույն՝ եվրոբոնդերը, և փոքր մասն էլ՝ Հայաստանի պետական գանձապետական պարտատոմսերն են։


Նոր պարտքեր վերցնելուն զուգահեռ Հայաստանը մարում է նաև հին պարտքերը։


2025-ը ծանր տարի էր պարտքի մարման և սպասարկման համար։ Հին պարտքերը մարելու համար մարտին Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրոբոնդեր (եվրապարտատոմսերի)։ Դա ներառվեց Հայաստանի արտաքին պարտքի մեջ։


Ֆինանսների նախարարությունը հրապարակել է նաև այս տարվա փոխառությունների տարեկան ծրագիրը։ Ըստ դրա՝ ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի պակասուրդը կկազմի մոտ 537 մլրդ դրամ և նախատեսվում է այն ներքին աղբյուրների հաշվին ֆինանսավորել 210 մլրդ դրամով, իսկ արտաքին աղբյուրների հաշվին՝ 327 մլրդ դրամով:


Նույն ծրագրով սպասվում է, որ 2025 թվականի տերավերջյան հաշվարկներով Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կկազմի 49.5%, իսկ 2026-ի տարեվերջի դրությամբ՝ այն կավելանա 3.3 տոկոսային կետով և կկազմի 52.9%։


Հիշեցնենք, որ Հայաստանի պետական պարտքը մեծ մասամբ կառավարության պարտքն է։ Փոքր մասնաբաժին ունի Կենտրոնական բանկը։


Չնայած, որ Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը համարվում է կառավարելի՝ ըստ հարկաբյուջետային կանոնների, սակայն այն սպասարկելն ու մարելը էական բեռ է բյուջեի համար։


Այս տարի կառավարության պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 1.05 տրլն դրամ։ Դրանից մոտ 420 մլրդ դրամը միայն պարտքի տոկոսավճարները կլինեն՝ սպասարկումը։ Պարտքի տոկոսավճարները ներառված են բյուջեի ծախսերում, որոնք կազմում են ամբողջ ծախսերի ավելի քան 11%-ը: Իսկ մայր գումարների մարումները կատարվում են նոր պարտքեր ներգրավելու հաշվին։