ԱՄՆ պետքարտուղարությունն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով:
Այս կոչը հնչում է ԱՄՆ նախագահ Թրամպի հայտարարությունների ֆոնին՝ Իրանին հարված հասցնելու հավանականության մասին: Ի՞նչ իրավիճակ է Իրաում, միարժեք ասելը բարդ է, քանի որ բացակայում է կապն ու տարածվող տեղեկությունների այսպես ասած վավերականացումը բավականին բարդ է:
Ինչ կարող է նշանակել ԱՄՆ կոչը իր քաղաքացիներին: Թրամպը հայտարարել էր, որ Իրանի հետ կապված քննարկում են տարբեր քայլեր, այդ թվում չբացառելով հարված հասցնելը: Հնարավոր է, որ կոչը հնչում է հարվածի վերաբերյալ որոշման համատեքստում: Ընդ որում, այդ հարածը կարող է լինել նաեւ սիմվոլիկ, Թրամպի դեմքը պահելու համար:
Նա հայտարարում էր, որ Իրանում զոհեր լինելու դեպքում կպատժի: Զոհեր կան, անհերքելի է: Իհարկե նաեւ մեծ հավանականությամբ այդ զոհերը ոչ թե խաղաղ ցուցարարներ են, այլ անկարգություններ հրահրողներ: Կրկնեմ, այս մասով իհարկե վավերականացումը մեզ համար շատ բարդ է, թե ինչ է կատարվել ու կատարվում Իրանում այս օրերին:
Հիմա Թրամպը պետք է անի ինչ որ բան, քանի որ «խոսել» է: Եվ ըստ այդմ չի բացառվում, որ լինի սիմվոլիկ նշանակության հարված: Ի դեպ, վերջին տարիների համար դա կլինի ԱՄՆ հերթական դե ֆակտո սիմվոլիկ հարվածն Իրանին:
Եթե Թրամպը լրջորեն բախման մեջ մտնի Թեհրանի հետ, ապա դա մեղմ ասած ամենաանցանկալի տարբերակն է, քանի որ ռեգիոնը կարող է վերածվել վառոդի տակառի: Պետք է հուսալ, որ Թրամպի պարագայում կհաղթի ողջախոհությունը, այլ ոչ թե Իսրայելի լոբբին:
Հնարավոր է, որ ԱՄՆ պետքարտուղարության կոչը պայմանավորված է այլ հանգամանքով: Մասնավորապես, պետք չէ բացառել, որ Իրանի կառավարական ուժերը իրավիճակը վերցրել են վերահսկողության տակ եւ ըստ այդմ կոչ է արվում ԱՄՆ քաղաքացիներին հնարավորինս արագ հեռանալ Իրանից՝ չձերբակալվելու համար: Առավել եւս, որ դարձյալ իբրեւ տարբերակ պետք չէ բացառել, որ Իսրայելի գործակալները կարող են Իրան ներթափանցած լինել հենց ԱՄՆ քաղաքացիների կարգավիճակով:
Միեւնույն ժամանակ պետքարտուղարության կոչի առումով ուշադրության է արժանի գուցե եւ այն, որ դա հնչում է նախօրեին Ռուսաստանի եւ Իրանի ԱԽ քարտուղարների հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում՝ ըստ հաղորդագրության, նրանք պայմանավորվել են համակարգել գործողությունները անվտանգություն ապահովելու համար:
Վերլուծաբան Հակոբ Բադալյան