26.11.2024
«Ծառուկյան» դաշինք. Մենք ունենք միայն մեկ հայրենիք, որի շենացումը բոլորիս գերխնդիրն է
prev Նախորդ նորություն

Ազնավուրը հայաստանյան ընտրությունների մասին. «Ես ընդունում եմ նրան, ով ընտրվել է»

«Ով էլ լինի ընտրված իմ ժողովրդի կողմից՝ ես ընդունում եմ նրան: Եթե նա ընտրված է ժողովրդի կողմից, ուրեմն՝ նա իմ նախագահն է», - մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները՝ ապրիլի 3-ին հայտարարել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:


Մոսկվայում ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նա ընդգծել է․ «Անկեղծ ասեմ՝ չեմ սիրում մարդկանց, ովքեր գնում են այլ երկրներ և քննադատում են իրենց երկրի քաղաքականությունը, այնպես որ՝ ինձ համար ամեն ինչ գերազանց է»:


Ֆրանսահայ երգիչը, գրում է Ազատությունը, այս մասին խոսել է լրագրողներից մեկի հարցին ի պատասխան: Թեև ասուլիսի կազմակերպիչները, ընդհատելով Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին հարցը, հայտարարել են, որ մաեստրոն քաղաքական հարցերի չի պատասխանի, այդուհանդերձ, Ազնավուրը արձագանքել է․ - «Ես երբեք չեմ խոսում քաղաքականության մասին՝ չնայած ունեմ քաղաքական գործիչ ընկերներ, բայց մենք խոսում ենք ամեն ինչից՝ թատրոնից, երաժշտությունից, քանդակագործությունից, բայց ոչ՝ քաղաքականությունից»:


«Ես ժողովրդին թույլ եմ տալիս ընտրել իմ փոխարեն», - կատակով հավելել է ֆրանսիական շանսոնի լեգենդը:


Մեկուկես ամսից 93-ամյակը տոնող Շառլ Ազնավուրի ասուլիսը տեղի է ունենում նրա մոսկովյան համերգի շրջանակում, որը նախատեսված է ապրիլի 5-ին:


«Այս անգամ որոշել եմ ռուսերեն սովորել: Ֆրանսերեն տարբեր գրքեր կան ռուսերեն սովորելու համար, օրինակ՝ «Ռուսերեն՝ թեյնիկների համար»․ այդ գիրքը հետս է և արդեն սկսել եմ կարդալ», - ասել է շուրջ յոթ լեզուներով երգող շանսոնյեն, ով, ինչպես նշում է, մեծացել է ռուսախոս ընտանիքում, սակայն ռուսերեն չի հասցրել սովորել, քանի որ քրոջ հետ ֆրանսերեն էին սովորում: «Մեզ համար ռուսերենը միշտ էլ մոտ է եղել. հայրս ռուսատառ էր ստորագրում: Կարելի է ասել, որ այցելելով Ռուսաստան՝ ես վերադառնում եմ նախնիներիս երկիրը», - հայտարարել է երգիչը:


Խոսելով իր երգարվեստի մասին՝ մոտ 800 երգերի հեղինակը նշել է, որ բազմաթիվ ստեղծագործություններ ունի իր աշխատանքի մասին: «Ես ամեն ինչ ասել եմ՝ սեր, բաժանում, երեխաներ, որոնք չկան, պատերազմի երեխաներ․․․ Ինձ համար դժվար է գտնել մի թեմա, որի մասին գրված չլինի, բայց ես ունեմ ուժ և կգտնեմ այդ թեման», - շարունակել է Ազնավուրը, հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանության մասին երգ է գրել՝ կոչվում է «Նրանք ընկան»:


«Թուրք ընկերներս ասացին՝ «կարող էիր Հոլոքոսթի մասին գրել», ինչին ես պատասխանել եմ՝ «ամենակարևորն է գտնել ճիշտ արտահայտությունը, և այդ արտահայտությունը սա է՝ այն, ինչ մարդը մարդուն է անում, կենդանին կենդանուն չի անի»: