Թիվ 4 ընտրական տարածքում ՀՀԿ տարածքային թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբի ներսում որեւէ միջադեպ տեղի չի ունեցել, քաշքշուկը եղել է շտաբից դուրս: Այս մասին ասված է Հակոբ Բեգլարյանի նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ Կոնդում այսօր հարձակման է ենթարկվել «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանը, երբ բացահայտել է, որ թեկնածուի շտաբում քաղաքացիները գումար են ստանում:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Ազատություն» ռադիոկայանի հրապարակմանն ի պատասխան, թե Կոնդում գտնվող ՀՀԿ պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբում մի խումբ անձինք, այդ թվում` երիտասարդներ, հարձակվել են լրագրողների վրա, տեղեկացնում ենք.
շտաբի ներսում որեւէ միջադեպ տեղի չի ունեցել: Իսկ նշված քաշքշուկը եղել է շտաբից դուրս` լրագրողների եւ քաղաքացիների միջեւ, ինչը հստակ երեւում է նույն լրատվամիջոցի տարածած տեսանյութում:
Ինչ վերաբերում է հրապարակման ակնարկներին, թե շտաբում ընտրակաշառք է բաժանվում, հայտնում ենք, որ որեւէ ընտրակաշառք բաժանելու մասին խոսք լինել չի կարող, դա հերթական ապատեղեկատվությունն է»:
Հիշեցնենք, ինչպես պատմել է թղթակիցը, ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ նա նկատել է, որ ընտրողները, նախքան տեղամաս գնալը, մտնում են Հանրապետականի պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի նախընտրական շտաբ: Դուրս գալուց նրանցից մի քանիսի ձեռքին թղթակիցը գումար է նկատել, որից հետո նույնպես մտել է շտաբ:
Տեղում գտնվող անձինք, նկատելով լրագրողին, պարզաբանել են, թե ոչ թե ընտրակաշառք են բաժանում, այլ աշխատավարձ: Այդ ժամանակ շտաբում գտնվող մի խումբ անձինք, այդ թվում՝ երիտասարդներ, հարձակվել են լրագրողի վրա, խլել հեռախոսը, սկսվել է քաշքշուկ և Սիսակ Գաբրիելյանը աչքի հատվածում թեթև վնասվածք է ստացել: Հարձակումը արձանագրել է տեսախցիկը:
Ոստիկանությունում միջադեպի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հանգամանքները պարզելու ուղղությամբ: