14.03.2025
Նիդեռլանդների ԱԳ նախարարն այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտի
prev Նախորդ նորություն

Կառավարությունը 916 միլիոն դրամ է հատկացրել համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը

Հայաստանի կառավարության այսօր՝ մարտի 13-ի նիստում հաստատվեց «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը։


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ կառավարությունը 916 միլիոն դրամ կհատկացնի մարզերում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը։ Ընդհանուր առմամբ կֆինանսավորվի հանրապետության 12 համայնքներում 14 ծրագիր։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ֆինանսավորվող ծրագրերի մանրամասները։ Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքում արդեն իսկ կատարվել է Մասիս, Արգավանդ, Դարակերտ, Դարբնիկ, Հայանիստ, Մարմարաշեն, Նոր Խարբերդ և Ջրահովիտ բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների 95%-ը։ Վերանորոգված ճանապարհների ընդհանուր երկարությունը կկազմի 9,6 կմ՝ 53 000 քմ ծածկույթի մակերեսով։


Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ գյուղում ավարտվել է 17,4 կմ երկարությամբ խմելու ջրամատակարարման ցանցի կառուցումը, որը ջրով կապահովի 500 տնտեսություն։ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում ավարտվել են Կեչառեցու փողոցում կոյուղու և ջրահեռացման համակարգի, ինչպես նաև Սարալանջի փողոցում կոյուղու կառուցման աշխատանքները, որից կօգտվի 120 տնտեսություն։


Կոտայքի մարզի Ակունք բնակավայրում ավարտվել է կոյուղու ցանցի կառուցման աշխատանքների առաջին փուլը։ Կառուցվել է 7,7 կմ ջրահեռացման համակարգ և տեղադրվել է 200 դիտահոր, ինչից կշահի 280 տնտեսություն։

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next