24.11.2024
Լևոն Յոլյանը` Վերահսկիչ պալատի նախագահ
prev Նախորդ նորություն

Մանուկյան. Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման ծրագիրը ձախողված է

Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար մրցույթներ են հայտարարվել և հաղթել են օֆշորում գրանցված ընկերություններ: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով` այդ աշխատանքները դեռ չեն մեկնարկել, սակայն այդ ընկերությունները պետական բյուջեից հսկայական միջոցներ են ստացել: Արամ Մանուկյանը իր մեղադրանքը առավել հիմնավորված դարձնելու համար հիշատակեց 2008 թվականից հետո 250 միլիոն դրամի հատկացումը, ինչպես նաև ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, որ 1.5 միլիոն դոլար հատկացվել է նախագծման աշխատանքների իրականացմանը.

«Մինչդեռ այդ բանկը, որի մասին խոսվում է, նշում է, որ երբևէ որևէ մասնակցություն չի ունեցել այս ծրագրին, որն ուղղակի ձախողված է: Մրցույթում հաղթած ընկերությունները գրանցված են օֆշորում, իսկ դրանցից մեկը` «Ռոսիա» ընկերությունը, որևէ հարցերի չի պատասխանում»,- հայտարարեց ընդդիմադիր Մանուկյանը:

Նա նշեց, որ 2008 թվականին ՀՀ իշխանությունները այդ ծրագրի իրագործման համար անհրաժեշտ գումարի չափ են հնչեցրել 1.3 մլրդ դոլարը, մի քանի տարի անց այդ թիվը արդեն 2.5 մլրդ է դարձել և ահա 2017 թվականի հունվարին ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունը հայտարարեց, որ դրա կյանքի կոչման համար անհրաժեշտ է 3.2 մլրդ դոլար.

«Այսինքն, միայն թղթի վրա կատարված հաշվարկների արդյունքում նախնական հայտարարված 1.3 մլրդ դոլարը դարձել է 3.2 մլրդ դոլար, ընդ որում այդ ներդրումներ անողները չունեն որևէ հասցե, նրանց գտնելն անհնար է: Հայաստանի իշխանություններն ուղղակի սարքել, դուրս են գրել այդ գումարները, դա եղել է քաղաքական պատվեր ու քրեական գործի հատկանիշներ է պարունակում»,- հավելեց իր ելույթը Արամ Մանուկյանը:

Նշենք, որ Ազգային Ժողովում քննարկվում է Հայաստան-Վրաստան սահմանային ճանապարհի N6 բարելավման ծրագիրը, որն իրականացվելու է Ասիական զարգացման բանկի կողմից տրամադրված 44 միլիոն եվրո վարկի միջոցով: ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի խոսքով, այն հնարավորություն կտա հիմնովին վերանորոգել ճանապարհի երեք թունելները, որոնք չեն համապատասխանում անվտանգության չափանիշներին: Ամբողջությամբ կհիմնանորոգվեն նաև 12 կամուրջներ, կկառուցվեն նորերը, որոնք կդյուրացնեն երկու երկրների միջև բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սպասարկման որակը: