Անբարեխիղճ կառուցապատողների պատճառով տուժող քաղաքացիների թիվը գնալով ավելանում է: Արդեն ավանդույթ է դարձել, որ Հայաստանում, մասնավորապես Երևանում կառուցվող ոչ մի շենք նշված շինավարտի ժամկետը չի պահպանում, հայտնի են դեպքեր, երբ շենքը բնակիչներին հանձնվել է 1-3 տարի ուշացմամբ:
VERELQ-ին դիմած քաղաքացիները հերթական նման դեպքն են բացահայտում, որի հետևանքով արդեն 2 տարուց ավելի իրենք սպասում են, թե երբ են վերջապես մտնելու իրենց բնակարանն ու ապրեն: Խոսքը Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 42/1 հասցեում կառուցված «Mamik Residence» բազմաբնակարանային շենքի մասին է, որը ձեռք բերելիս մարդկանց հավաստիացրել էին՝ շինավարտը կլինի 2022 թվականի նոյեմբերին:
Նշենք, որ շինարարական աշխատանքներն իրականացնում է «Կվադրատ» կառուցապատող ընկերությունը, շենքի սեփականատերն է Արմեն Հակոբյանը, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) որդին:
«Հասկանում եք, չէ՞, որ շենքի ապագա բնակիչներիս մեծ մասը բնակվում է վարձով, այսինքն արդեն երկու տարուց ավելի ամեն ամիս վճարում ենք և՛ բնակվարձ, և՛ հիփոթեքային վարկ, և՛ այլ վարկեր: Երկու տարի է մեզ այսօր-վաղն են անում, գրեթե ամեն ամիս հավաստիացնում, որ հեսա-հեսա, բայց ամեն անգամ բոլորիս փաստացի խաբում են»,- ասաց մեզ դիմած քաղաքացին:
Վերջիններս, նշեց նա, այս ամբողջ ընթացքում մտել են թե՛ սեփականատիրոջ, թե՛ կառուցապատողի դրության մեջ, քանի որ՝ «հենց սկզբից էլ գիտեինք, որ ուշացումներ կլինեն, ինչպես համատարած Հայաստանում է».
«Բայց այսքա՞ն: Այսինքն՝ մենք ձեր դրության մեջ մտնում ենք, բա դուք մեր դրության մեջ ինչու չեք մտնում, որ էդքան գումար, նյարդեր ենք ծախսում, այդքան անհարմարություններ ենք քաշում ու որևէ հստակ բան մեզ չի ասվում: Վերջին կաթիլը համբերության այն էր, որ, փաստացի, մեզ ասում են, որ մուտք են արել գրությունը Երևանի քաղաքապետարան և մինչև տարեվերջ պատասխանը կլինի, ինչը նաև որոշակիորեն նշանակում է, որ բնակվելու հույս կա, բայց մենք մամուլից տեղեկանում ենք, որ սա հերթական սուտն է և ոչ մի գրություն էլ փաստացի մուտք չի եղել: Դրա համար էլ ինչո՞ւ սպասենք, հերի՛ք է»,- վրդովված նշեց ապագա բնակիչը:
Որպեսզի այլևս չլսեն սեփականատիրոջից ու կառուցապատողից, որ մե՛կ «Վեոլիա ջուրն» է «մեղավոր», մե՛կ Երևանի քաղաքապետարանը, նրանք որոշել են հասնել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպման:
«Մենք բնակիչներով փորձելու ենք հանդիպել Ավինյանին, քանի որ այլևս այլ ճանապարհ չի մնացել: Մենք բողոքի ակցիա ենք ծրագրում Երևանի քաղաքապետարանի մոտ, առանձին հանդիպում Ավինյանի հետ՝ մի խոսքով, բոլոր հնարավոր մեթոդներով փորձելու ենք հասնել արդարության, որովհետև էլ տեղ չկա սպասելու: Մարդիկ իրենց կյանքը դրել են պաուզայի վրա, որ ինչ-որ մեկը անընդհատ իրենց խաբի՞: Միշտ մտել ենք իրենց դրության մեջ, հիմա ժամանակն է, որ մեր դրության մեջ էլ մտնեն: Չի կարող այլևս այսպես շարունակվել, պետք է հստակ պատասխաններ մեզ տան՝ ե՞րբ ենք մտնում ապրելու, ի՞նչ է լինելու: Եթե իրենք այդ հարցի պատասխանը մեզ չեն տալիս, մենք կփորձենք ստանալ մեր ճանապարհներով և մեր հույսը Տիգրան Ավինյանն է»,- հավելեց մեր զրուցակիցը:
VERELQ-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանից հաստատեցին՝ նշված կառուցապատողից, կոնկրետ Մամիկոնյանց 42/1 հասցեի վերաբերյալ որևէ գրություն մուտք չի արվել:
Գնդակը սեփականատիրոջ դաշտում է՝ շարունակել անբարեխիղճ գործելաոճը, թե՞ վերջապես կատարել ստանձնած պարտավորությունները հարյուրավոր քաղաքացիների առջև: