24.11.2024
ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 550 կրակոց
prev Նախորդ նորություն

Արցախում անցկացվում է Սահմանադրական հանրաքվե. Ադրբեջանը հիստերիայի մեջ է

Լեռնային Ղարաբաղում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն, որը 26 տարվա պատմություն ունեցող անկախ Արցախում 3-րդ համապետական նշանակության հանրաքվեն է:

Հանրաքվեին մասնակցելու իրավունք կունենա 102 757 քաղաքացի կամ հանրապետության բնակչության 69 տոկոսը: Հանրաքվեին մասնակցում են 30-ից ավելի երկրներից 104 միջազգային դիտորդներ, 103 տեղական դիտորդներ, ԶԼՄ-րի 80-ից ավելի ներկայացուցիչներ:

Սահմանադրական հանրաքվեի անցկացումը հերթական հիստերիան էր առաջացրել Ադրբեջանում, որը հրավիրել էր միջազգային հանրության ուշադրությունը այդ միջոցառմանը՝ նշելով, որ այն չունի որևէ իրավական ուժ և ինքը՝ Ադրբեջանը, դրա արդյունքները չի ընդունում:

Իր հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ Մյունխենում հանդիպելուց հետո հայտարարել էին, որ չեն ընդունում 2017թ. փետրվարի 20-ի հանրաքվեի արդյունքները` որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող: Համանախագահները նաև ընդգծել էին, որ արդյունքները որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ ու տևական կարգավորմանն ուղղված բանակցությունների ելքը:

Ի պատասխան այս հայտարարության ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառել էր.

«Սահմանադրական հանրաքվեն չի որոշում ԼՂ կարգավիճակը: Արցախի կարգավիճակը որոշել է անկախության հանրաքվեն, իսկ Սահմանադրական հանրաքվեն դրա շարունակությունն է»:

Քվեարկելուց առաջ ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, արձագանքելով Բաքվի հայտարարությանը, որ չի ընդունվելու Արցախում այսօր տեղի ունեցող հանրաքվեի արդյունքները և այն չի ճանաչվելու նաև միջազգային կառույցների կողմից հայտարարեց, որ դա Ադրբեջանի խնդիրն է.

«Կարծում եմ, որ այդ հոգեբանական բարդույթից ինչքան շուտ դուրս գան, այնքան շատ ավելի լավ կլինի»,- ասաց Ղուլյանը:

Նշենք, որ սահմանադրական հանրաքվեն անցկացվում է 2015 թվականի հունվարի 1-ին գործողության մեջ դրված ԼՂՀ նոր Ընտրական օրենսգրքով: