7.12.2024
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները տարածվելու է քննչական մարմինների վրա
prev Նախորդ նորություն

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում սահմանվելու են որոշ հարկային արտոնություններ

Նախագծերի նպատակը բարձր տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաեւ գիտահետազոտական աշխատանքների համար պետական աջակցության գործիքակազմի եւ հարկային արտոնությունների շրջանակի վերանայումն է` նպատակ ունենալով ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ նշյալ ոլորտներում առաջանցիկ զարգացում ապահովելու համար:


ԱԺ նոյեմբերի 14-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այն քննարկման է ներկայացրել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Նախաձեռնությամբ առաջարկվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սահմանել պետական աջակցության մի շարք ուղղություններ եւ որոշ հարկային արտոնություններ: Օրենսդրական փաթեթով նախատեսված աջակցությունները տրամադրվելու են հարկման ընդհանուր համակարգում ե’ւ շրջանառության հարկի համակարգում գործող կազմակերպություններին, ե’ւ անհատ ձեռնարկատերին` 2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2032 թվականի հունվարի մեկն ընկած ժամանակահատվածի համար: Շրջանառության հարկի համակարգում գործող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն աջակցությունից օգտվելը սկսելու օրացուցային տարվան հաջորդող երրորդ օրացուցային տարին լրանալուց հետո կարող է շարունակել օգտվել աջակցությունից, եթե գործում է հարկման ընդհանուր համակարգում:


ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: «Սա ավելի շատ ոչ թե արտոնությունների նախագիծ է, այլ աջակցության: Այսինքն` պետությունը գնում է այս ճանապարհով, որ բոլորը վճարում են հարկերն այն չափով, ինչպես ընդհանուր հարկային միջավայրում է, հետո արդեն, ըստ ընդունված չափանիշերի, իրենց տրվում է որոշակի աջակցություն»,- մասնավորապես պարզաբանել է զեկուցողը:


Ելույթ է ունեցել ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ նշել, որ ներկայացված փաթեթը կրթության, գիտահետազոտության եւ պրոֆեսիոնալ կադրերին հատկապես դեպի բարձր տեխնոլոգիական ոլորտ ներգրավելու, խրախուսելու համար է: «Բայց գիտահետազոտության մեջ ներդրումների, նաեւ արդյունաբերության մնացած ոլորտների համար եւս սա, իհարկե, կարեւոր նախագիծ է»,- հավելել է ԱԺ փոխնախագահը: Հակոբ Արշակյանը նշել է, որ ներկայացվել են որոշ առաջարկներ, որոնք կքննարկվեն մինչեւ երկրորդ ընթերցում ժամանակահատվածում:


Եզրափակիչ ելույթում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ առաջարկներն արդեն քննարկման փուլում են, եւ որոշ առաջարկներ, գաղափարներ ընդունելի են: