24.11.2024
Սերժ Սարգսյանն ԱԱԽ անդամների հետ խորհրդակցություն է անցկացրել
prev Նախորդ նորություն

Վարչապետն արգելել է փոխոստիկանապետին մեկնել Բելառուս

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` չեղարկվել է փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին Բելառուսի Հանրապետություն գործուղելու որոշումը: Այս մասին ասված է կառավարության կայքում:

Նշենք, փոխոստիկանապետը պետք է մասնակցեր մարտի 2-5-ը Մինսկում անցկացվելիք Բելառուսի միլիցիայի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին:

Հիշեցնենք, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին երեքշաբթի հատուկ չվերթով Մինսկից տեղափոխել են Բաքու:
Ավելի վաղ Բելառուսի Գերագույն դատարանը մերժել էր Լապշինի բողոքը իրեն Ադրբեջան արտահանձնելու մասին որոշման շուրջ: Դատարանը փետրվարի 7-ին կայացած դռնփակ նիստում օրինական է ճանաչել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին երկրի գլխավոր դատախազության կողմից հունվարի 20-ին կայացված որոշումը:

2011 թվականի ապրիլին եւ 2012 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Լապշինն այցելել է Արցախ, իսկ այս տարվա ապրիլի 9-ին՝ քառօրյա պատերազմից հետո, իր http//puerrtto.livejournal.com կայքում ծաղրել է Արցախը զավթելու Բաքվի փորձերը: Բացի այդ, բլոգերն իր այցելած 122 երկրի շարքում որպես անկախ պետություն կայքում նշել է նաեւ Արցախը: Այս ամենի համար Ադրբեջանի գլխավոր դատախազության Ծանր հանցագործությունների հարցերով քննչական կոմիտեում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 281.2 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը) եւ 318.2 հոդվածներով (Ադրբեջանի պետական սահմանների անօրինական հատում):

Ադրբեջանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա Ալեքսանդր Լապշինը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում ձերբակալվել է: Ադրբեջանական կողմը պահանջել է բլոգերին արտահանձնել Բաքու: Բելառուսի գլխավոր դատախազությունը հունվարի 20-ին նրան Ադրբեջանին արտահանձնելու որոշում է կայացրել:

Լապշինի արտահանձման դեմ էին հանդես գալիս Ռուսաստանը, Իսրայելը եւ Հայաստանը, սակայն պաշտոնական եւ ոչ պաշտոնական խողովակներով ձեռնարկած քայլերն ազդեցություն չունեցան Մինսկի որոշման վրա: