17.09.2024
Մակրոնը չի գա, փոխարենը Փաշինյանը կգնա
prev Նախորդ նորություն

ԿԳՄՍՆ-ի և Ֆրանսիայի դեսպանության միջև ստորագրվել է ֆրանսերենի դասավանդման խթանման հուշագիր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև այսօր տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ ուղղված ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման խթանմանը և զարգացմանը:


Փաստաթղթերը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:


Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, նախարարության և դեսպանության աշխատակիցներ:


Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև արդյունավետ համագործակցության հերթական փուլը, նշել է՝ մեկնարկելիք ծրագիրն ամբողջությամբ համահունչ է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:


«Հանրակրթության նոր չափորոշչով մենք դպրոցներում օտար լեզուների իմացությունը բարելավելու խնդիր ենք դրել: Կարևորում եմ այն ջանքերը, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ հետևողականորեն ներդնում ենք՝ ֆրանսերենի իմացության բարելավման ուղղությամբ: Ծրագրի շրջանակում դպրոցներում ներդրվելու են ֆրանսերենի ուսուցման նոր ծրագրեր, օգտագործվելու են նոր դասագրքեր և ուսումնական նյութեր, ինչպես նաև մեծ աշխատանք է տարվելու ուսուցիչների կարողությունների զարգացման ուղղությամբ՝ ձևավորելով վերապատրաստող ուսուցիչների խումբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:


Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ տարիների ընթացքում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կազմակերպված համայնք է ձևավորվել, որին նպաստել են նաև Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ իրագործվող ծրագրերը:


«Հուսով եմ՝ նոր ծրագրի առաջին շահառուները՝ սովորողների հետ միասին, կլինեն նաև ուսուցիչները»,- ասել է նախարարը:


Նրա խոսքով՝ կհստակեցվի ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրերով աշխատող դպրոցների ցանկը, որում այս պահին ընդգրկված է 19 դպրոց, սակայն դրանց թիվը կարող է ավելանալ՝ հաշվի առնելով, որ նոր ծրագրերը մեծ հետաքրքրություն կներկայացնեն նաև այլ դպրոցների շրջանում:


Շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ֆրանկոֆոն միջավայրը բարելավելու ՀՀ ջանքերն ուղղված են ֆրանկոֆոնիայի երկրների շարքում մեր երկրի՝ ավելի կայուն և զարգացող ներկայացվածության ապահովմանը:


«2027 թվականին մեր երկիրը հանձնառություն է ստանձնել հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը: Հատկապես նպատակուղղված ենք բարելավելու ֆրանկոֆոն միջավայրը, ինչպես նաև ընդլայնելու ու տարածելու ֆրանսերենի իմացությունն այս մեծ օրակարգի շրջանակում»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:


ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության համար: Նրա խոսքով՝ Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցությունը ռազմավարական նշանակություն ունի:


«Ֆրանսիայի դեսպանությունը պատրաստ է տարբեր մարզամշակութային միջոցառումներ կազմակերպելու փորձառությամբ կիսվել Հայաստանի հետ՝ 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին ընդառաջ: Մեզ համար դեռ վառ է 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու հետ կապված հիշողությունը: 10 օրից Ֆրանսիայում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի հերթական գագաթնաժողովը: Ֆրանկոֆոնիան մեր երկրների միջև շատ առանձնահատուկ կապ և տարբեր ուղղություններով համագործակցության հնարավորություններ է ստեղծում»,- ասել է դեսպան Օլիվիե Դըկոտինյին:


Դեսպանն ընդգծել է նաև ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մարզերում ֆրանսերենի ուսուցման տարածման անհրաժեշտությունը: Նա տեղեկացրել է՝ նախագծի շրջանակում Ֆրանսիան 600 հազար եվրո է ներդնելու՝ Հայաստանում ֆրանսերենի ուսուցման որոկի բարելավման և սովորողների կարիքների աջակցման նպատակով:


Դեսպանի խոսքով՝ ծրագիրը նախևառաջ աջակցելու է ֆրանսերենի ուսուցման ջատագովներին՝ ուսուցիչներին:


«Հնարավորություն եմ ունեցել Հայաստանի հեռավոր քաղաքներում և գյուղերում հանդիպելու ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների, որոնք առանձնահատուկ սեր են տածում ֆրանսիական մշակույթի, գրականության և լեզվի հանդեպ ու շատ լավ գիտեն, թե ինչպես փոխանցել այդ սերը: Նախագծի նպատակն է նաև ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների համար մանկավարժական վերապատրաստումներ իրականացնել՝ նրանց զինելով նոր մեթոդաբանությամբ: Մեր մյուս նպատակը ֆրանսերենի խորացված ուսուցման ցանցի ընդլայնումն ու սովորողների կարիքների բավարարումն է: Վստահ եմ՝ միասին կկարողանանք մեծացնել ֆրանսերենի գրավչությունը» - նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն ու շնորհակալություն հայտնել ֆրանսերենի զարգացման ու տարածման հարցում ներդրվող ջանքերի ու հետաքրքրության համար:


Համաձայն ստորագրված փաստաթղթերի՝ կողմերը համատեղելու են իրենց ջանքերն առ այն, որ ֆրանսերենի ուսուցիչների շարունակական, կանոնավոր և համակարգված վերապատրաստումը հնարավոր լինի ապահովել 2025 թվականից սկսած՝ յուրաքանչյուր ուսուցչի համար տարեկան առնվազն 10 օր տևողությամբ:


Ուսուցման 225-ժամյա փորձնական ծրագիր կիրականացվի ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի շուրջ 30 ուսուցիչների համար, որոնք հետագայում կդառնան իրենց գործընկեր ուսուցիչների վերապատրաստողներ: Փորձնական ծրագիրը կիրականացվի ֆրանսիական «France Education International» օպերատորի կողմից՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ:


Ստորագրված փաստաթղթերով նախատեսված են նաև մի շարք այլ ծրագրեր:


 


 

Սխալվել եմ. միշտ եղել է Հայաստանից ավելի կարևոր բան` մանր, փոքր...բայց ավելի կարևոր
Հաջորդ նորություն next
 Խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը․ Իբրահիմ Քալըն
17.09.2024
Խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը․ Իբրահիմ Քալըն