25.11.2024
Քաղաքագետը կանխատեսում է նոր էսկալացիա Ղարաբաղում
prev Նախորդ նորություն

ՀՀ-ը և ԵՄ-ը ձգտում են նոր լիցք հաղորդել հարաբերություններին

Նախագահ Սերժ Սարգսյանն հունվարի 3-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնին:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ մեր երկրում գտնվելու այս երկու օրերին պարոն Դանիելսոնն արդյունավետ և օգտակար հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ նախորդ երկու տարիները Հայաստան-Եվրամիություն համագործակցության տեսանկյունից առանձնացել են ակտիվությամբ՝ զգալիորեն աշխուժացել է քաղաքական երկխոսությունը, տարբեր ոլորտներում ընդլայնվել է համագործակցությունը: Այդ համատեքստում նախագահը կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները՝ հիշատակելով վերջին շրջանում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստան:

Ընդգծելով, որ ակտիվորեն շարունակվում են Հայաստանի և Եվրամիության միջև նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունները, զրուցակիցները երկուստեք հույս են հայտնել, որ առաջիկայում գործընթացը կմտնի ավարտական փուլ: Քրիստիան Դանիելսոնը կարևորել է ՀՀ Նախագահի սպասվող այցը Բրյուսել, որը, նրա համոզմամբ, նոր լիցք կհաղորդի փոխգործակցության զարգացմանը:

Սարգսյանը ՀՀ-ԵՄ համագործակցության կարևոր ձեռքբերումների թվում նշել է ԵՄ խորհրդի կողմից Հայաստանի հետ ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ բանակցությունների մանդատը հաստատելու որոշման ընդունումը և հավաստիացրել, որ մեր երկիրը այսուհետ ևս պատրաստակամ է առաջ մղելու Եվրոպական միության հետ փոխգործակցությունը բարեփոխումների խթանման, շարժունակության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը՝ այս գործընթացում Միության կողմից ներդրվող ջանքերի ու ռեսուրսների, այդ թվում՝ գալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տրամադրած աջակցության համար:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Գործընկերության առաջնայնությունների շուրջ բանակցային գործընթացը: ՀՀ նախագահը և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ: