4.04.2026
Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները
prev Նախորդ նորություն

Այսօր Հայաստանն անցնում է դժվարին ժամանակների միջով. նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա են գտնվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին:


Հանրապետության նախագահը հանդես է եկել աշխատաժողովի բացման խոսքով և արդյունավետ աշխատանքային քննարկումներ մաղթել դիվանագետներին: Իր խոսքում նախագահը նշել է.


«Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր դեսպաններին մշտական ներկայացուցիչներին և գլխավոր հյուպատոսներին՝ քրտնաջան աշխատանքի և անձնուրաց ծառայության համար։ Ցավոք ձեր ծառայությունն ընթանում է հիրավի աշխարհաքաղաքական բարդ և երկրի համար ծանրագույն ժամանակաշրջանում, երբ ամենօրյա դիվանագիտական առաքելության իրագործմանը զուգահեռ Հայաստանը ձեռնամուխ է եղել արտաքին քաղաքականության և անվտանգության ճարտարապետության դիվերսիֆիկացման գործընթացին:


Այսօր ոչ միայն Հայաստանն, այլև մեր տարածաշրջանը և միգուցե ողջ աշխարհն է անցնում դժվարին ժամանակների միջով: Գործող աշխարհակարգը փոխվում է բավականին դինամիկ տեմպերով, հաճախ անկանխատեսելի ուղղությամբ, և այս բուռն աշխարհաքաղաքական միջավայրում, երբ ականատես ենք սահմանները հատող ճգնաժամերի, առաջնահերթ խնդիրների հրատապ լուծման գործում զգալի է հատկապես դիվանագիտության դերը, քանի որ դիվանագետների գրանցած հաջողություններն ու, ինչն առավել ցավալի է՝ բացթողումները զգալի ազդեցություն են ունենում պետության, նրա միջազգային իմիջի, անվտանգային մթնոլորտի վրա:


Հարգելի՛ դեսպաններ,


Մի բան հստակ է՝ յուրաքանչյուր օր դեսպանը և դիվանագիտական ներկայացուցչությունը պետք է իր առջև ունենա այդ օրվա, շաբաթվա կամ ամսվա նպատակը: Սա կլինի պրոակտիվ դիվանագիտության գրավականը, Հայաստանի Հանրապետության տեսանելիության և արդյունքում դիվանագիտական ոլորտում հաջողության երաշխիքը:


Ուրախ եմ, որ շարունակվում են դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրության ընդլայնմանն ուղղված քայլերը: Անկասկած դեսպանատների առկայությունը տարբեր մայրաքաղաքներում էականորեն նպաստում է միջազգային գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը, Հայաստանի տեսանելիության և ճանաչելիության մեծացմանը:


Հարգելի՛ դեսպաններ,


Խոսքիս ավարտին կցանկանայի հույս հայտնել, որ տարբեր հարթակներում համախոհ երկրների ձեր գործընկերների հետ սերտ ու փոխշահավետ համագործակցությունը կնպաստի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական հիմնարար սկզբունքների և նպատակների իրագործմանը, գլոբալ և տարածաշրջանային սպառնալիքների նվազեցմանը, խաղաղության ու անվտանգության պահպանմանը:


Համոզված եմ, որ այսուհետ ևս պատվով կներկայացնեք մեր երկիրը՝ ձեր ավանդն ունենալով միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակության ամրապնդման գործում»:

Վստահ եմ Հայաստանի և Մոլդովայի միջև փոխշահավետ համագործակցությունը կզարգանա. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար