24.11.2024
Ընտանիքի 7 անդամների, այդ թվում 5 անչափահասների թունավորման հանգամանքները պարզվում են. ՔԿ
prev Նախորդ նորություն

«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով» ֆիլմը կներկայացվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնում

«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում հուլիսի 8-ին Երևանի կինոյի տան մեծ դահլիճում կկայանա Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով-Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որի պատվավոր հյուրերն են ռեժիսորներ Ատոմ Էգոյանը և Տարսեմ Սինգխը։


Ֆիլմն ընդգրկվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ցանկում: Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:


Ֆիլմի հեղինակը՝ ժամանակակից ռեժիսորը, դրամատիկ իրադարձությունների պատճառով որոշում է լքել այն երկիրը, որտեղ ապրում է, և վերադառնալ հայրենի տուն՝ Հայաստան՝ որոնելու ապրելու և ստեղծագործելու հեռանկարային լուծումները: Փարաջանովի տուն-թանգարանը դառնում է ոգեշնչման վայր (հիմնված իրական իրադարձությունների վրա)։


Ֆիլմը գաղափարների, նպատակների և լուծումների որոնում է` տարբեր բարիկադներում գտնվող հերոսներով, որոնց միավորում է Փարաջանովի նկատմամբ սերը:


Փարաջանովը հանճար էր և մինչ օրս հանդիսանում է համաշխարհային մշակութային բարձրագույն նշաձողերից մեկը, որին ձգտում են հասնել բազմաթիվ արվեստագետներ: Մեծ է նաև այս ֆիլմի աշխարհագրությունը. նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Սերբիայում, Լատվիայում և Գերմանիայում: Ֆիլմում նկարահանվել են համաշխարհային արվեստագետներ Էմիր Կուստուրիցան, Չուլպան Խամատովան, Լորա Գուերան, Ատոմ Էգոյանը, Արտավազդ Փելեշյանը, Ժոել Շապրոնը, Ալի Համրաևը, Լևոն Աբրահամյանը և Տարսեմ Սինգխը։ Ֆիլմի պատկերի հեղինակն է կանադահայ Նորայր Կասպերը։ Ֆիլմն իրականությունից տանում է դեպի աբստրակցիա և հակառակը։ Նկարահանման ոճը պարունակում է ինչպես ակադեմիական, այնպես էլ հեղինակային տեխնիկա։


Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է, որին մասնակցություն է ունեցել նաև Մեծ Բրիտանիան: Ֆիլմի պրոդյուսերներն են Անի Որսկանյանը («ԱՎԱ Ֆիլմս»), Զառա Ջյանը («Բումերանգ Մեդիա․ԱՄ»)։ Ֆիլմի ֆրանսիական համապրոդյուսերն է Ստեֆան Ժյուրդենը:


Նախագծին աջակցել են Ֆրանսիայի Հանրապետության կինեմատոգրաֆիայի և շարժվող պատկերի ազգային կենտրոնը (CNC) և Ֆրանսիական Cine+ կազմակերպությունը։