Խաղաղության պայմանագիրը կստորագրվի այն դեպքում, եթե ՀՀ-ն փոխի իր սահմանադրությունը. Ալիև
Ադրբեջանն ու Հայաստանը կարող են մի քանի ամսվա ընթացքում ավարտել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով երկրում Կանադայի նոր դեսպան Քևին Համիլթոնի հավատարմագրերը:
"Կարծում եմ, որ մենք կարող ենք մի քանի ամսվա ընթացքում ավարտել աշխատանքը խաղաղության պայմանագրի տեքստի վրա, առնվազն դրա հիմնական սկզբունքների վրա", - ասել է նա՝ հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ծրագիրն այն էր, որ համաձայնության գան հիմնարար սկզբունքների շուրջ, որոնք կոչվում են Մադրիդյան սկզբունքներ, գրում Է ՏԱՍՍ-ը:
"Դրանք պետք է նախաստորագրվեին, իսկ հետո պետք է կազմվեր տեքստը։ Կարծում ենք, որ դա կարող է տարբերակ լինել՝ պայմանավորվել հիմնարար սկզբունքների շուրջ, նախաստորագրել դրանք, իսկ հետո աշխատել [խաղաղության պայմանագրի] տեքստի վրա", - ասել է Ալիևը։
Ընդ որում, Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն այն դեպքում, եթե Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը:
Խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական պայմանը, ինչպես հայտարարել է Ալիևը, Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, քանի որ դրանում, ըստ Ադրբեջանի նախագահի, իբր տարածքային պահանջներ են պարունակվում Ադրբեջանի նկատմամբ: "Եվ քանի դեռ այդ փոփոխությունը տեղի չի ունեցել, խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվի", - նշել է Ալիևը: