Ադրբեջանն առաջ է քաշում նոր խնդիրներ, ինչն առնվազն հարցեր է առաջացնում. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին.
«Ինչպես տեղյակ եք, մենք սկսել ենք Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթաց՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Այս առումով, մենք, իհարկե, բարձր ենք գնահատում Լիտվայի ԱԳՆ-ի դիրքորոշումը, որն արտահայտվեց ապրիլին սահմանազատման հարցում ձեռք բերված համաձայնությունից հետո։
Այժմ շատ կարևոր է ապահովել սահմանազատման շարունակականությունը՝ հիմնված նույն Ալմա-Աթայի հռչակագրի և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերահաստատման վրա, քանի որ դա կենսական նշանակություն ունի սահմանին հստակություն ապահովելու և ապագայում ցանկացած սադրանքներից խուսափելու համար։
Չափազանց կարևոր է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Մենք շատ կառուցողական առաջարկներ ենք ուղարկել ադրբեջանական կողմին, և պատրաստ ենք դրանք վերջնական տեսքի բերել և պայմանագիրը կնքել առաջիկա ամսվա ընթացքում, ինչպես արդեն առաջարկել ենք։ Ցավոք, մինչ օրս այդ առաջարկին ադրբեջանական կողմից պատասխան չենք ստացել: Ավելին, Ադրբեջանն առաջ է քաշում նոր խնդիրներ, ինչն առնվազն հարցեր է առաջացնում մեր և ավելի լայն տարածաշրջանում խաղաղության վերջնական նպատակի հարցում նրանց անկեղծության վերաբերյալ:»