Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում Հայաստանի քայլը դրական է ընդունվել
Լիբանանյան «Հիզբալլահի» ռուսալեզու տելեգրամյան պաշտոնական ալիքը լուսաբանել է Հայաստանից Պաղեստինի ժողովրդին առաքված հումանիտար օգնության փաստը։ Այս մասին գրում է արևելագետ Վարդան Ոսկանյանը:
«Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում դիմադրության առանցքի կարևոր բաղադրիչ այս ռազմաքաղաքական կազմակերպության լրատվամիջոցի կողմից նման նյութի տարածումն ակնհայտորեն միտված է Հայաստանի և հայության՝ դրական լույսի ներքո ներկայացմանը։
Այս համատեքստում արաբական աշխարհում հայության դրական ընկալմանն անշուշտ նպաստելու է նաև հայազգի Վարսեն Աղաբեկյանի նշանակումը Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարարի պաշտոնում»,- գրել է Ոսկանյանը։
Հիշեցնենք, Հայաստանը, Եգիպտոսի աջակցությամբ, 29, 94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազա` ռազմական գործողությունների արդյունքում Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծայրագույն պայմաններում գտնվող շուրջ 1,5 մլն անձի համար: Որոշումն ընդունվեց կառավարության վերջին նիստում։