Հաստատվել է արտադրանքի և ծառայությունների որակի համար մրցանակների շնորհման կարգը
ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում հաստատվել է արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակների սահմանման և շնորհման կարգը:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ ամենամյա մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել արտադրանք արտադրող կամ ծառայություններ մատուցող բոլոր իրավաբանական և անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև քաղաքացիական նշանակության ապրանքներ արտադրող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունները:
Արարողությունն անցկացվում է մինչև 200 և 200-ից ավելի աշխատակից ունեցող կազմակերպությունների համար: Այդ նպատակով ստեղծվում է փորձագետների աշխատանքային խումբ, որն իրականացնում է մասնակիցների ներկայացրած հայտերի և փաստաթղթերի փորձաքննություն: Մրցույթի փուլերը ներառում են հայտերի նախնական գնահատում և գործունեության իրականացման վայրի ստանդարտներին համապատասխանության գնահատում:
«Մրցույթի առաջին փուլում կատարված աշխատանքների վճարը կախված է կազմակերպությունում աշխատողների թվից և չպետք է գերազանցի հետևյալ չափանիշները՝ եթե մինչև 200 աշխատող ունի, ապա՝ 100 հազար դրամ գումարած ԱԱՀ, իսկ եթե 200-ից ավելի աշխատող ունի, ապա՝ 150 հազար գումարած ԱԱՀ»,- ասաց Պապոյանը։
Աշխատանքային խմբի եզրակացությունը` վերջնական գնահատմամբ, հաստատում է Ստանդարտացման ազգային մարմինը: