24.11.2024
Փաշինյանն ուզում է հաղթել Զելենսկուն
prev Նախորդ նորություն

Ի՞նչ է ասել Փաշինյանը Տավուշի հողերի մասին Անվտանգության խորհրդում. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Չնայած Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում երեկ մի քանի ժամ պնդեց իր դիրքորոշումը՝ Տավուշի չորս բնակավայրերն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, այլ կերպ ասած՝ Ադրբեջանի կադաստրի աշխատակցի դեր ստանձնեց, ՀՀ քարտեզի հայտնի մակետն էր թափահարում՝ որերորդ անգամ փորձելով ներկայացնել, որ դրանք ադրբեջանական տարածքներ են, քանի որ ադրբեջանական անվանում ունեն, սակայն նրա «փաստարկները» համոզիչ չէին անգամ ՔՊ-ականների համար։ Իշխանական օրենսդիրները սպասում են Փաշինյանի հետ առաջիկա փակ հանդիպմանը, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մոտ օրերս։ Իսկ մինչ այս ՔՊ-ականները մասնավոր զրույցներում իրենց անհամաձայնությունն են հայտնել միակողմանի զիջումների հետ կապված եւ փորձելու են Փաշինյանի հետ փակ հանդիպմանը ճշտել՝ իսկ ինչ ենք ստանալու մենք չորս բնակավայրերի դիմաց:


Դիցուք, Բերքաբերի մի քանի հարյուր հեկտար հայկական հողերը, որոնք 90-ականներից գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, հայելային սկզբունքով վերադարձվելո՞ւ են Հայաստանին, կամ Ջերմուկի, Վարդենիսի օկուպացված տարածքները։ Իշխանական թիմում կասկածներ ունեն, որ եթե Արցախն իրենք հանձնեցին ու մարսեցին, ապա դա դժվար է լինելու Հայաստանի դեպքում։ Ի դեպ, Անվտանգության խորհրդի վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Տավուշի հողերը պետք է հանձնենք, բայց փոխարենը Տավուշում մի քանի հարյուր հեկտար Ադրբեջանը հետ է տալու մեզ: Փաստորեն, անգամ վերջին մեկ ամսվա ընթացքում է ինչ-որ բան փոխվել, եւ Ադրբեջանը հրաժարվել է իր պարտավորությունից:


«Փաստ» օրաթերթը գրում է. Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն անթաքույց հայտարարում է Ադրբեջանի պահանջները կատարելու և Տավուշի մարզի չորս գյուղերը հանձնելու պատրաստակամության մասին: Այս թեմայով իրենց տեսակետներն են հայտնում տարբեր քաղաքական ուժեր: «Փաստ» թերթի ունեցած տեղեկություններով, այսօր կամ վաղը բավական կոշտ հայտարարություն է տարածելու նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, Հայոց համազգային կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, հայտարարության մեջ բավական կոշտ ձևակերպումներ ու որակումներ կան, մասնավորաբար՝ «նենգ դավադրություն», «հողատու» և այլն, ինչպես նաև նշվելու են այն վտանգները, որոնք սպասվում են վերոնշյալ զիջումների դեպքում: Թերթի տեղեկություններով, առաջիկայում նորաստեղծ կուսակցությունը զգալի ակտիվություն է դրսևորելու և կոնկրետ գործողություններ է ձեռնարկելու։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովում անցած շաբաթ տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի եւ ԶՈՒ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, հանդիպման սենյակ է բերվել մի սարք, բոլոր պատգամավորների հեռախոսները հավաքել ու դրել են այդ սարքի վրա։ Բայց դա ոչ թե խլացուցիչ է եղել՝ հեռախոսային կապն աշխատել է։ Ասում են՝ այդ սարքով կանխել են հնարավոր գաղտնալսումները` հեռախոսների միջոցով։ Հիշեցնենք, որ աշխատանքային այդ քննարկման օրակարգում եղել են վարժական հավաքների եւ աշխարհազորի մասին հարցերը, որին արդեն անդրադարձել ենք։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմությունն առաջիկայում մտադիր է վերսկսել փողոցային պայքարը. խոսքը, մասնավորապես, «Հայաստան» խմբակցության մասին է: Մեր տեղեկություններով՝ այս օրերին ընդդիմադիրները պարբերաբար հանդիպումներ են ունենում ու փողոցային պայքարի ծրագիրը քննարկում, թե ինչպես պետք է հասնեն գործող իշխանությունների հեռացմանը: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում՝ ընդդիմադիրները, սկզբնապես, մտադիր են ակցիաները վերսկսել ապրիլից: Նկատենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները վերջին շրջանում պարբերաբար նաեւ այցելում են մարզեր ու հանդիպում բնակիչների հետ, քննարկում անվտանգային խնդիրները: Մեր տեղեկություններով՝ այս հանդիպումները նաեւ նպատակ ունեն մարզերի բնակիչներին եւս ներգրավել փողոցային պայքարի գործընթացին: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում՝ փողոցային պայքարի շուրջ լայն կոնսոլիդացիա ձեւավորելու նպատակով քննարկումներ են ընթանում նաեւ արտախորհրդարանական տարբեր ուժերի եւ գործիչների հետ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատական համակարգը մարտի 29-ին կրկին հավաքվելու է՝ կարեւոր ժողովի։ Մասնավորապես՝ ընտրելու են ԲԴԽ դատավոր անդամ, որտեղ միակ թեկնածուն դատավոր Վազգեն Ռշտունին է, եւ նա, ըստ դատական համակարգի, միաձայն էլ կանցնի։ Բացի այդ, ժողովին ընտրելու են ՍԴ թեկնածու, ինչպես նաեւ դատավոր Սերգեյ Մարաբյանի հրաժարականից հետո թափուր է մնացել Դատավորների ընդհանուր ժողովի՝ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Ասել է թե՝ ժողովը թեժ է լինելու։ Սակայն, դատական համակարգում կարծում են, որ «կռիվը» տեղի կունենա ՍԴ թեկնածուի ընտրության ժամանակ։ Բանն այն է, որ ՍԴ դատավոր դառնալու համար իր թեկնածությունն է կրկին առաջադրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եղբայրը՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Դավիթ Խաչատուրյանը, ինչպես նաեւ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը։


Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր դառնալու համար դիմել էին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, որը մի քանի ամիս առաջ էր ԲԴԽ-ից գնացել ու ԱԺ-ում ընտրվել Վճռաբեկ դատարանի դատավոր. դատավորները նրան չընտրեցին եւ 158 ձայն բաշխեցին Դավիթ Բալայանին, սակայն, Բալայանին ՔՊ-ն չընտրեց: Տեսնենք, թե այս անգամ դատական համակարգը ինչպե՞ս կքվեարկի»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատապարտյալները ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, մեծ բունտ է հասունանալու: Մասնավորապես, ըստ դատապարտյալների, 2023 թվականի նոյեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ 5 տարի է` ՀՀ իշխանությունները համաներում չեն հայտարարում, ասել էր. «Ես, որ 2011 թվականին քրեակատարողական հիմնարկից դուրս եմ եկել համաներմամբ, ուզում եմ ասել, որ համաներումն արդյունավետ ինստիտուտ չեմ համարում, քանի որ ես այն տեսել եմ ներսից։ Շատ դեպքերում համաներմամբ դուրս եկած մարդիկ մի քանի ամսվա ընթացքում վերադառնում են` նոր հանցանքներ կատարելու պատճառով»: Ըստ նրա` այս դեպքում ավելի նպատակահարմար է կիրառել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմը, այսինքն՝ մեխանիկորեն բաց չթողնել, այլ անհատական մակարդակով գնահատել, թե արդյոք կոնկրետ անձը կարո՞ղ է գտնվել ազատության մեջ, թե՞ ոչ։


Եվ ահա, ըստ դատապարտյալների, Վճռաբեկ դատարանի կողմից 2024 թ. փետրվարի 22-ին կայացվեց մի վատթարացնող որոշում, որով ավելի ծանրացավ դատապարտյալների վաղաժամկետ ազատման գործընթացը, եւ նախկինում կատարված հանցագործությունների համար օրենսգրքով պատժի պայմանական կրումից ազատվելը դարձավ անձանց հանդեպ անհավասար մոտեցում, ինչով խախտվեց նրանց իրավունքները։ Այսինքն՝ մինչեւ 22.02.2024 թվականը ով վաղաժամկետ ազատվեց՝ ազատվեց. իսկ նույն արարքը կատարած անձը, ում վաղաժամկետ ազատման ժամկետը 22.02.2024թ.-ից հետո է լրացել, նա պետք է պատիժ կրի մնացածի փոխարեն:


«Սա մեր վիճակը վատթարացրել է, եւ աղմուկը անխուսափելի կլինի. մենք կռիվ ենք տալիս պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար, իսկ սրանք ավելի են ամեն ինչ բարդացնում»: Իսկ ի՞նչ որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը. բանն այն է, որ քրեական օրենսգրքի փոփոխութուններից հետո դատապարտյալների վաղաժամկետ ազատ արձակման հարցը առավել բարեկարգվել էր, ու դատապարտյալները վստահ էին, որ դատարանը նոր օրենսգրքով կառաջնորդվեր, եւ իրենք ավելի շուտ ազատ կարձակվեին, սակայն Վճռաբեկ դատարանը որոշել է, որ նոր քրեական օրենսգրքի փոփոխությունը չի ազդի դատապարտյալների վրա, եւ նրանք կշարունակեն կրել իրենց պատիժը հին օրենսգրքի չափանիշներով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Անահիտ Ավանեսյանին կարծես թե չի փրկում ՔՊ-ական դառնալն ու կուսակցական ժողովներին ակտիվ մասնակցությունը։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ փոխնախագահ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հրապարակային կերպով անհարման դրության մեջ դրեց Անահիտ Ավանեսյանին՝ հարց ուղղելով նախարարության ենթակայության տակ գտնվող բուժկենտրոններում բժիշկների աշխատաժամանակի մասին, որ նրանք 32 ժամ են աշխատում։ Ու թեեւ Ավանեսյանը կոչ արեց պատգամավորին կոնկրետ դեպքեր ներկայացնել, որպեսզի քննեն ու հասկանան կատարվածը, Ալեքսանյանը դրանից հետո էլ նախարարին «հանգիստ չտվեց», ընդհակառակը՝ կսմիթով ասաց, որ ինքը «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն հարցում է ուղարկել, եւ որ պատասխանի մի մասը չի ստացել, քանի որ համարել են առեւտրային գաղտնիք։ Ալեքսանյանի այս պահվածքը, թերեւս, պատահական չէ. որոշ ժամանակ առաջ էլ նա նույն կերպ Ավանեսյանին հարցուպատասխանի ժամանակ անհարմար դրության մեջ էր դրել. թե ինչ են նշանակում Ավանեսյանի դեմ ՔՊ փոխնախագահի պարբերական բնույթ ստացող արշավանքները, մնում է միայն ենթադրել։ Մանավանդ, որ մասնագիտությամբ իրավաբան առողջապահության նախարարը ձախողել է ոլորտը. ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ էլ հստակ չկարողացավ իրավական հարցերի վերաբերյալ պատասխան տալ»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, օրերս Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ՝ հանդիպելու Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց և հարակից այլ համայնքների բնակիչների հետ և փաստացի համոզելու, որ պետք է կատարել Ադրբեջանի պահանջն ու հանձնել Տավուշի չորս գյուղերը (Բաղանիս Այրում, Աշաղը (Ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի): Հանդիպման ամբողջ նպատակն է եղել վախ ներշնչել, որ չհանձնելու դեպքում «շաբաթվա վերջին» պատերազմ կլինի: Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե այդ բնակավայրերը երբեք Հայաստանի տարածքում չեն եղել: Այս օրերին հաճախ խոսվում է բուն տարածքների հանձնման, այսպես ասած՝ «հող հանձնելու» մասին, սակայն ոչ պակաս կարևոր է հասկանալ, թե իրականում ի՞նչ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը որոշի հանձնել այդ տարածքները:


Նախ՝ քարտեզին նույնիսկ թեթևակի հայացք նետելով՝ ակնհայտ է դառնում, որ Ոսկեպար գյուղը կհայտնվի լիակատար շրջափակման մեջ, իսկ Կիրանց և Բաղանիս գյուղերը՝ մասնակի շրջափակման մեջ: Երկրորդ՝ Երևան-Թբիլիսի ռազմավարական ճանապարհը փաստացի կփակվի, թշնամու վերահսկողության տակ կհայտնվի նաև ռազմավարական գազատարը: Թշնամին կմոտենա վերոնշյալ երեք գյուղերին մի քանի տասնյակ մետրի հեռավորության վրա, ինչն այդ համայնքներում կյանքը պարզապես կդարձնի անտանելի, եթե չասենք՝ անհնար: Սրան գումարած՝ մեր լավագույն պաշտպանական բնագծերը կանցնեն թշնամուն՝ դրա ծանր հետևանքներով:


«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի պատրաստակամ հանձնողականության հերթական այս «արարից» զայրացած են ոչ միայն տեղի բնակիչները, ընդհանրապես Հայաստանի հասարակության՝ մտածելու ունակություն ունեցող հատվածը, այլ նաև զինվորականությունը: Բանն այն է, որ նրանք հիանալի հասկանում են, որ կա՛մ պետք է հրաժարվեն կատարել զորքերը հետ քաշելու հրամանը, կա՛մ դառնան հանցակից. բանն այն է, որ իրավաբանները, նաև տարբեր քաղաքական ուժեր հայտարարել են, որ գործ ունենք հանցագործության հետ: Օրինակ՝ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն օրերս նշել էր, որ ՀՀ ցանկացած տարածքի զիջում այլ պետությանը հանցագործություն է Հայաստանի սահմանադրական կարգի դեմ և, համաձայն Քրեական օրենսգրքի 421 հոդվածի, ենթակա է խիստ պատժի: Նշվում է նաև, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Ադրբեջանի կողմից հնչեցված բնակավայրերը ՀՀ-ին չեն պատկանում, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցագործություն է, քանզի որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, Ավետիք Չալաբյանի դեմ ցուցմունք տված Թոռնիկ Ալիյանը` Ագրարային համալսարանի ուսխորհրդի քարտուղարը, աշխատանքի է անցել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում: Սպառողներն արդեն կարող են հանգիստ լինել, քանի որ սննդամթերքի անվտանգության ոլորտն այլեւս հուսալի ձեռքերում է: Հիշեցնենք, որ Չալաբյանի դեպքից հետո Ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանը Թոռնիկին նախ նշանակել էր Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության տնօրեն, ապա՝ մարքեթինգի եւ զարգացման բաժնի առաջատար մասնագետ: Սննդի անվտանգության տեսչությունից հաստատեցին մեր լուրը` Թոռնիկ Ալիյանն աշխատանքի է անցել Սննդի անվտանգության Երեւանի կենտրոնում` որպես փորձագետ: