5.04.2026
«ՄԻՌ» վճարային համակարգը հայաստանյան բանկերի մեծ մասի բանկոմատներում կդադարի գործել
prev Նախորդ նորություն

ՀՀ-ի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը

Հայաստանի Հանրապետության համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Շեշտվում է, որ այս դեպքում ևս որպես ելակետ պետք է ունենալ դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա տարածքները սահմանազատելու և սահմանագծելու մոտեցումը:

Մեր թղթակիցը հետաքրքրվել էր, թե ինչպես է փոխվարչապետի գրասենյակը գնահատում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակի հայտարարությունը, թե, այսպես կոչված, էքսկլավային գյուղերի պատկանելությունն անվիճելի է, և դրանք պետք է անհապաղ «ազատագրվեն»։

Գրիգորյանի գրասենյակից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունը հավակնություններ չունի իր միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ տարածքի նկատմամբ, բայց նաև չի կարող սեփական ինքնիշխան տարածքը հանձնել:

«Խնդրո առարկա հատվածներում անհրաժեշտ է տեղորոշել, թե որտեղ է սկսվում Հայաստանի Հանրապետության տարածքը, և այդ տեղորոշումը պետք է իրականացվի իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա, և ըստ այդմ դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է լինի Հայաստանի Հանրապետության տնօրինության և վերահսկողության ներքո, իսկ Ադրբեջանական Հանրապետության տարածքը՝ Ադրբեջանական Հանրապետության տնօրինության և վերահսկողության ներքո։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ սահմանի ողջ երկայնքով Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է գնալ նման լուծումների»,- նշված է պատասխանում:


Ըստ փոխվարչապետի գրասենյակի՝ ՀՀ-ն պատրաստ է նույն բանաձևով լուծումների գնալ նաև Տավուշի մարզին հարակից ամենախնդրահարույց տարածքներում:

Անդրադառնալով հանձնաժողովների աշխատանքին նշվում է, որ երկու երկրների կողմից հաստատված աշխատակարգի համաձայն՝ հանդիպումների արդյունքում հրապարակվում են պաշտոնական մամուլի հաղորդագրություններ, որոնցից դուրս պարզաբանումներ կամ մեկնաբանություններ չեն թույլատրվում:

Հիշեցնենք՝ մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը նախատեսում է ճանապարհների նոր հատվածներ կառուցել այն ճանապարհների փոխարեն, որոնք դուրս են գալիս Հայկական ԽՍՀ սահմաններից: Մասնավորապես, նա մատնանշել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մոտակայքում գտնվող Երևան-Թբիլիսի ճանապարհահատվածը։ Ընդհանուր առմամբ, ըստ վարչապետի, ԽՍՀՄ փլուզման ժամանակ արձանագրված սահմանները, ըստ Ալմա-Աթայի հռչակագրի և Պրահայի հայտարարության, հիմք են ընդունվել երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման համար:


 

Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար