27.11.2024
ԼՂՀ ՊՆ. Հայկական դիրքերի ուղղությամբ գիշերն արձակվել է ավելի քան 900 կրակոց
prev Նախորդ նորություն

Սեյրան Օհանյանն ասել է, որ ինքն "իշխանական նախագիծ" չէ

Պաշտպանության նախկին նախարար, ապագա խորհրդարանական ընտրություններին մանակցության հայտ ներկայացրած եւ հանրության հետ հիմնականում վերջերս ստեղծված Facebook-ի իր էջի միջոցով շփող Սեյրան Օհանյանը պատասխանել իմ էլեկտրոնային փոստին ուղարկված և որոշ լրատվամիջոցների կողմից առավել հաճախ շրջանառվող հարցերին:

Պատախսանները հիմնականում վերաբերում են իր ապագա ընդդիմադիր քաղաքական գործունեության վերավերյալ հնչող կասկածներին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման յուր տեսլականին եւ ապրիլյան պատերազմական գործողություններին: Ընդհանրապես այս հարցում Օհանյանն կարծես ընտրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ռազմավարությունը: Նա 2008 թ.-ի պաշտոնաթողությունից հետո բավականին երկար ժամանակ վերցրեց պաուզա, այնուհետեւ երբ հայտարարեց իր քաղաքական գործունեության սկզբի մասին, սկսեց հանդես գալ Facebook սոցցանցի տարածքում: Ուղղակի Օհանյանի պարագայում լռությունը երկար չտեւեց, ինչը թերեւս այն հանգամանքով էր պայմանավորված, որ խորհրդարանական ընտրությունները սարերի հետեւում չեն:

Քաղաքական գործունեություն

"Բոլոր հարցադրումներում կարմիր գծով անցնում է այս միտքը. "Արդյոք ես համարվո՞ւմ եմ իշխանական նախագիծ": Այս հարցին իր պատասխան Օհանյանը սպային վայել բարձր պատասխանատվությամբ վստահեցնում և պատասխանում է՝ ՈՉ:

"Ուղղորդո՞ւմ են արդյոք ինձ ՀՀ առաջին, երկրորդ և գործող նախագահները: Ես՝ Սեյրան Օհանյանս, կրկնում եմ՝ քաղաքական հայտ ներկայացնելու որոշումը կայացրել եմ ինքնուրույն՝ ելնելով երկրում ստեղծված ներքաղաքական, տնտեսական, բարոյական ճգնաժամից: Վստահեցնում եմ ինձ հետ թիմ կազմող հայրենանվեր մարդկանց, քաղաքական գործիչներին, մարտական և զինակից ընկերներին, ովքեր քաղաքական պայքարում կանգնելու են իմ կողքին, որ մենք լինելու ենք ժողովրդի հետ՝ հանուն ազգային գաղափարների, նրա անվտանգության և խաղաղ արարումի", - նշում է նախկին նախարարը:

Իր գործունեության ընթացքում զբաղեցնելով կարևորագույն պաշտոններ պետության բոլոր նախագահների օրոք՝ Օհանյանը նշում է, որ ծառայել է ոչ թե անձերին, այլ Հայաստանի Հանրապետությանը, ուստի անընդունելի չի համարում «պրիմիտիվ» շահարկումները:

Ղարաբաղյան հակամարտություն

"Ես առաջնահերթորեն անդրադարձել եմ Ղարաբաղյան հակամարտությանը, որովհետև իմ՝ քաղաքականության մեջ հայտ ներկայացնելուց հետո Հայաստանից, Արցախից և սփյուռքից ինձ դիմող քաղաքական, զինվորական, գործիչների, հասարակական տարբեր շերտերի, տեղական և միջազգային լրատվամիջոցների կողմից հնչող համար մեկ հարցը եղել է իմ դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Ես՝ որպես ռազմական, այսուհետ նաև քաղաքական գործիչ, հրապարակային հայտնել եմ իմ տեսակետը՝ մեր ժողովրդի, պետության համար անկյունաքար հանդիսացող Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

Ես նորից եմ պնդում, որ Ղարաբաղյան հիմնահարցի շուտափույթ և ոչ բարենպաստ լուծումը՝ անիմաստ զիջումների գնով, հարված է մեր պետականությանը: Պնդում եմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, համառ և արյունոտ պայքարի ընթացքում ձեռք բերելով իր անկախությունը, ձևավորել է պետություն, որը կոչվում է Արցախ, որն ունի իր Սահմանադրությունը, անվտանգությունն ապահովող զինված ուժերը, զարգացնում է պետական ինստիտուտները, տնտեսությունը և որպես պետություն փորձում է հայտ ներկայացնել աշխարհում հակամարտությունների արդյունքում իրենց անկախությունը նվաճած պետությունների կողքին: Չկարգավորված հակամարտության պայմաններում արցախցին զարգացրել է իր տնտեսությունը՝ արձանագրելով տնտեսական աճ, ավելացրել է բնակչության թիվը: Եվ այսօր պաշտպանության բանակը՝ իբրև բնակչության անվտանգության երաշխավոր, վստահորեն վերահսկում է սահմանագիծը: Ռազմական առումով՝ 2014 թ.-ի հունվարից Ադրբեջանը նոր մարտավարություն սկսեց՝ մեծացնելով լարվածությունը շփման գծում, բայց արցախցին դարձյալ պայքարեց, ապրեց ու արարեց, իսկ ջահել հարսները շարունակեցին որդիներ ծնել:

Հասկանալով ՀՀ բոլոր ղեկավարների՝ խաղաղության պահպանմանը միտված մոտեցումները՝ անընդունելի եմ համարում խոսել փոխզիջումների մասին՝ առանց Արցախի պետականությունը և ժողովրդի անվտանգությունն ապահովող բանաձևերի ընդունման: Բարձր եմ գնահատում բոլոր միջազգային կառույցների և առաջին հերթին ՌԴ-ի շահագրգռվածությունը և զսպող առաքելությունը խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում", - նշում է Սեյրան Օհանյանը:

Ապրիլյան պատերազմ

"Մեր հերոս ժողովուրդը, պաշտպանության բանակը, ողջ հրամանատարական կազմը արիաբար հետ են շպրտել հակառակորդին և պաշտպանել հայրենի հողը: Ապրիլյան պատերազմին ռազմական գնահատականներ տալու իրավունք ունեն ռազմական բոլոր այն գործիչները, որոնք տեղյակ են առաջնագծի, նրա առանձնահատկությունների, սպառազինության և բանակի իրական խնդիրներին: Որպես ռազմական գործիչ՝ ես չեմ խուսափում պատասխանել հարցերին, որոնք չեն պարունակում գաղտնիություն և ենթակա են հրապարակային քննարկման: Հաղթանակը տարել են զինվորն ու հրամանատարը, և չի կարելի քաղաքական առևտրի նյութ դարձնել առաջնագծում զոհված տղաների արյունը:

Համոզված եմ, որ այս հարցը մամուլում շահարկելն ունի հասարակության ուշադրությունը քաղաքական գործընթացներից շեղելու և իմ անձի շուրջ բացասական դաշտ ձևավորելու դիտավորություն:

Պետության անվտանգության խնդրի լուծմանը նպաստում են իրավիճակի ճշմարիտ և ազնիվ վերլուծությունները, իսկ «քաղաքագետը», որ իրեն հայտարարություններով հանդես գալու իրավունք է վերապահում, պետք է ինձ նախ հավաստիացնի, որ երբևիցե զինվորի հետ մարտական հերթապահություն է իրականացրել առաջնագծի որևէ խրամատում: Հարգելի՛ քաղաքական մեկնաբաններ, հորդորում եմ զերծ մնալ անիմաստ և պետության անվտանգությանը վնասող հայտարարություններից", - եզրափակել է Օհանյանը՝ խոստանալով "մշտապես անկեղծ և հրապարակայնորեն պատասխանել ինձ ուղղված հարցերին":