ՀՀ-ԵՄ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի դեկտեմբերին. նախարար
Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է այս տարվա դեկտեմբերին:
Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Արեւելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով հրավիրված ասուլիսում:
Օրերս տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն բանակցությունների հերթական փուլը: Արդեն կայացել է բանակցային վեց փուլ: Այս պահի դրությամբ մնացել է բանակցությունների եւս երկու շրջափուլ, որից մեկը տեղի կունենա Բրյուսելում, մյուսը՝ Երևանում: Դրանից հետո սպասելի է, որ պետք է տեղի ունենա գործընթացի ամփոփում և շրջանակային համաձայնագրի վերջնական համաձայնեցում:
"Կարծում եմ, որ ևս երկու-երեք փուլ, չեմ կարծում, որ ավել մենք կարիք կունենանք, մենք կավարտենք բանակցությունները: Եվ երբ որ մենք ավարտենք բանակցությունները, Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել", - ասաց Նալբանդյանը:
Նախարարն ասել է, որ Հայաստանը եւ Եվրոպական Միությունը ցանկանում են, որ փաստաթուղթն առավելագույնս արտացոլի երկկողմ հարաբերությունների ամբողջ խորությունը:
"Իհարկե, մենք հասկանում ենք, որ Եվրոպական միությունը ներքին համաձայնեցման գործընթացի կարիք կունենա, հուսով ենք, նաև վստահ, որ ներքին համաձայնեցման գործընթացն արագ կլինի, և Եվրոպական միությունն էլ պատրաստ կլինի ստորագրելու, և մենք կստորագրենք այդ շրջանակային համաձայնագիրը: Բայց ամենակարևորն այն է, որ երկու կողմն էլ՝ թե Հայաստանը, թե Եվրոպական միությունը, ցանկանում են, որ այդ շրջանակային նոր համաձայնագիրը Հայաստանի և Եվրամիության միջև հնարավորինս լիակատար արտացոլի հարաբերությունների այն որակը, խորությունը և ծավալը, որ մենք ունենք ԵՄ հետ: Դրա վրա ենք մենք աշխատում: Հարցն այն է, որ դա որոշակի գործընթաց է, որը պետք է ավարտին հասցնենք, բայց ինչպես պարոն Հանն ասաց՝ շատ շուտով է դա լինելու", - նշել է նախարարը:
Իր հերթին ժամկետներ այս հարցում չնշեց նաեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը: "Դեռ վաղ է ժամկետներ նշել, քանի որ բանակցությունները դեռ ընթանում են, բայց վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մենք շուտով հնարավորություն կունենանք առաջ շարժվել", - ասաց նա։
Հայաստանի, և ԵՄ ցանկությունն է, նշեց Նալբանդյանը, ընդգրկել նոր շրջանակային համաձայնագրի մեջ առավելագույնը, ինչի շուրջ մենք կարող ենք պայմանավորվածության գալ:
Նա հույս է հայտնել, որ դեկտեմբերին ԵՄ Հանձնաժողովը համապատասխան մանդատ կտրամադրի ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին միանալու բանակցություններ սկսելու համար: