26.11.2024
ՊՆ-ում մեկնարկում են բանակին աջակցության օրինագծի վերաբերյալ քննարկումներ
prev Նախորդ նորություն

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն ՀՀ հետ նոր համաձայնագիրը

ԵՄ ԱԳ նախարարները նոյեմբերի 14-ի հանդիպմանը կքննարկեն «Արևելյան գործընկերության» թեման, մասնավորապես, կմեկնարկեն հերթական գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, որը կայանալու է 2017-ին: Օրակարգի թեմաներից մեկը կլինի Հայաստանի և Ադրբեջանի հետ բանակցությունները գործընկերության մասին նոր համաձայնագրի վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հայաստանի և ԵՄ միջև նոր շրջանակային համաձայնագիրը կկնքվի 2017-ին: 2015-ի հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին:

Կքննարկվեն նաև Թուրքիայի հետ հարաբերությունները, որին ԵՄ-ն քննադատում է ընդդիմադիրների ձերբակալությունների և խոսքի ազատությունը խախտելու համար հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո: ԵՄ-ն մտահոգված է նաև մահապատժի հնարավոր վերականգնման մասին խոսակցություններով:ԵՄ-ն բազմիցս է նշել, որ Անկարայի նման պահվածքը հարցականի տակ է դնում ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումը: Սակայն նոյեմբերի 14-ի հանդիպմանը չի նախատեսվում որևէ որոշման ընդունում:

Սիրիայի գծով հիմնական հարցը կլինի ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի բանակցությունները տարածաշրջանի երկրների հետ: