27.11.2024
Դատախազությունը պահանջում է Վահագն Վերմիշյանից բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ
prev Նախորդ նորություն

Ինչ հարցեր է բարձրացրել Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև կայացել են նեղ ու լայն կազմերով նիստերը:


Նեղ կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.


«Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,


Հարգելի Սերգեյ Նիկոլայի,


Ուրախ եմ ողջունել գործընկերներին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։ Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուս ընկերներին և անձամբ Միխայիլ Վլադիմիրիին՝ ավանդաբար ջերմ ընդունելության և այսօրվա հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։


Այսօրվա մեր հանդիպումը տեղի է ունենում Անկախ պետությունների համագործակցության Կանոնակարգի ընդունման 30-ամյակի տարում և այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունն ԱՊՀ հիմնադրումից ի վեր հետևողականորեն հանդես է գալիս մեր միավորման շրջանակներում՝ ԱՊՀ կանոնադրությամբ ամրագրված նպատակներին և սկզբունքներին համապատասխան փոխշահավետ և հավասար համագործակցության համակարգված զարգացման, ինչպես նաև դրա գործունեության արդյունավետության և գործնական ազդեցության բարձրացման օգտին։


Ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում Համագործակցության շրջանակներում այս տարի կատարված աշխատանքը համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերի համախմբման տեսանկյունից: Նաև գոհունակությամբ նշեմ, որ այսօրվա հանդիպման օրակարգում ընդգրկված փաստաթղթերի ցանկն ընդգրկում է մեր երկրների կենսագործունեության լայն շրջանակ, որոնց արդյունավետ իրականացումը, ի վերջո, ուղղված է փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը՝ ի շահ ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների բարեկեցության և կյանքի որակի բարելավման:


Հայաստանի Հանրապետությունը համարում է «Ծառայությունների ազատ առևտրի, ներդրումների հիմնադրման, գործունեության և իրականացման մասին» համաձայնագիրը մեծ հնարավորություն ԱՊՀ անդամ երկրներում ներդրումային գործունեության զարգացմանը նոր թափ հաղորդելու համար և իր պատրաստակամությունն է հայտնում սույն Համաձայնագրի դրույթների գործնական կիրառման առումով:


Մեր առջև ծառացած կարևոր խնդիրներից է մեր երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև արդյունաբերական կոոպերացիոն կապերի ակտիվացման և փոխգործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծումը՝ նորարարական արդյունաբերական կլաստերների և գիտաարտադրական գոտիների ձևավորման նպատակով։


Գիտելիքի ինտենսիվ նոր ճյուղերի ստեղծումը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերական ներուժի արդիականացումը հիմնական գործոնն է կայուն և նորարար տնտեսական զարգացման հասնելու համար, ինչպես նաև մեր տնտեսությունների մրցունակության բարձրացման համար անհրաժեշտ պայման: Այս համատեքստում, ուզում եմ նշել Արդյունաբերական համագործակցության զարգացման հայեցակարգի և միջոցառումների համալիրի ընդունման կարևորությունը։


Գիտելիքահեն ինտենսիվ նոր ճյուղերի ստեղծումը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերական ներուժի արդիականացումը կայուն և նորարար տնտեսական զարգացմանը հասնելու հիմնական գործոնն է, ինչպես նաև՝ մեր տնտեսությունների մրցունակության բարձրացման անհրաժեշտ պայմանը: Այս համատեքստում նշեմ Արդյունաբերական կոոպերացիայի զարգացման հայեցակարգի և Միջոցառումների համալիրի ընդունման կարևորությունը։


Գիտական և տեխնոլոգիական արագ առաջընթացի ֆոնին աստիճանաբար ավելի են սրվում բնապահպանական խնդիրները, և շրջակա միջավայրի համար ռիսկերը նվազեցնելու արդյունավետ մեխանիզմների ստեղծման պահանջարկը մեծանում է: Հետևաբար, խաղաղ նպատակներով էկոլոգիապես մաքուր միջուկային էներգիայի զարգացումը էական նշանակություն ունի կայուն զարգացում ապահովելու և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու համար:


Այս համատեքստում, հայկական կողմն աջակցում է Ռադիացիոն իրավիճակի մոնիտորինգի նպատակով տվյալների փոխանակման ոլորտում համագործակցության համաձայնագրի ստորագրմանը, որն ուղղված է ոչ էներգետիկ նպատակներով, մասնավորապես՝ գիտության, բժշկության և գյուղատնտեսության ոլորտներում միջուկային տեխնոլոգիաների օգտագործման մեխանիզմների օպտիմալ մոտեցումների մշակմանը։


Հարգելի գործընկերներ,


Ժամանակակից իրողություններում արդիական է նաև հեռահաղորդակցական ցանցերում խարդախության դեմ պայքարը, և մենք պետք է համատեղ միջոցներ ձեռնարկենք տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար, այդ թվում՝ գաղտնագրման ժամանակակից մեթոդների, բազմագործոն նույնականացման և կասկածելի գործունեությունը հայտնաբերելու նպատակով մոնիտորինգի համակարգերի կիրառմամբ:


Հեռահաղորդակցության ցանցերում խարդախության դեմ պայքարը պահանջում է ինտեգրված մոտեցում, որը միավորում է հեռահաղորդակցության օպերատորներին, իրավապահ մարմիններին, պետությանը և օգտատերերին: Իսկ համապատասխան հուշագրի ստորագրումը պայմաններ կստեղծի միջազգային հեռահաղորդակցության ծառայությունների շուկայի արդյունավետ գործունեության և զարգացման, ինչպես նաև հեռահաղորդակցության ցանցերում խարդախության տարածումը կանխելու համար։


Կարևորելով ԱՊՀ շրջանակներում համագործակցության հումանիտար բաղադրիչը՝ ցանկանում եմ նշել, որ Հայաստանի կառավարությունը մշտապես աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական կյանքի տարբեր ոլորտներին ինտեգրելու, ինչպես նաև նոր սերնդի և երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանման ծրագրերին։


Հայկական կողմը ողջունում է հաշմանդամություն ունեցող երեխաների շրջանում ԱՊՀ երկրների Սպարտակիադայի ծրագրի իրականացումը, որի նպատակը նրանց ակտիվ ապրելակերպի մեջ ներգրավելն է։


Հատկապես կնշեմ «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջպետական ծրագրի իրականացումը որպես երիտասարդների զարգացման, նրանց ստեղծագործական ներուժին աջակցելու և հասարակական կյանքում ակտիվ մասնակցության համար պայմաններ ապահովելու արդյունավետ գործիք։ Նման նախաձեռնությունները նպաստում են առաջնորդների նոր սերնդի ձևավորմանը, որոնք իվիճակի են դիմակայել մեր ժամանակի մարտահրավերներին և նպաստել մեր երկրների զարգացմանը։ Այս տեսանկյունից, ցանկանում եմ հաստատել պատրաստակամությունը, որ Կապան քաղաքը 2026 թ-ին ստանա այս պատվավոր կարգավիճակը։


Ամփոփելով ասվածը՝ ակնհայտ է, որ մեր Համագործակցության հնարավորությունները՝ որպես փոխգործակցության բազմապրոֆիլ հարթակ, դեռ լիովին չեն իրացվել։ Վստահ եմ, որ մեր համատեղ կառուցողական ջանքերը պետք է ուղղված լինեն համագործակցության ողջ ներուժն օգտագործելու գործում զգալի առաջընթացի հասնելուն։


Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հաստատել հայկական կողմի անփոփոխ կառուցողական մտադրությունը խորացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը՝ Համագործակցությունում այս տարի Ղրղզստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման շրջանակներում։


Շնորհակալություն ուշադրության համար»։


Վարչապետ Փաշինյանը ԱՊՀ գործընկերների հետ շրջայց է կատարել նաև «Եվրասիա. մեր տուն» խորագրով ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ԱՊՀ պետությունների ընկերությունների արտադրությանը` տարբեր ոլորտներում: