25.11.2024
Սերժ Սարգսյան. ՀՀ-ն կարևորում է Ծոցի երկրների հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը
prev Նախորդ նորություն

ՌԴ քաղաքացիներին կթույլատրվի Հայաստան այցելել ներքին անձնագրերով

Հայաստանն ու Ռուսաստանը ունեն մեծ ներուժ էլ ավելի ընդլայնելու և խորացնելու համագործակցությունը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ միջխորհրդարանական, միջկառավարական և միջտարածաշրջանային հարթակներում: Այս մասին կառավարությունում ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Մենք ունենք լավ հնարավորություններ հայ-ռուսական հարաբերություններն օրինակելի դարձնելու համար: Բարեկամությունը մշտապես ամրապնդվում է, եթե այն արդյունավետ է, ազնիվ և ճիշտ»,- նշել է ՀՀ վարչապետը:

Իր հերթին Նիկոլայ Ռիժկովն ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ կապերի հետագա զարգացմամբ և ավելացրել, որ միջխորհրդարանական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել են նաև զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահի խոսքով՝ Հայաստանն ունի տնտեսությունն առաջ մղելու լուրջ խնդիր և ընդգծել, որ պատրաստ է աջակցություն ցուցաբերել հայաստանյան գործընկերներին՝ տարբեր հարցերի և խնդիրների լուծման գործում:

Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը՝ Կարեն Կարապետյանը հույս է հայտնել, որ օրերս կընդունվի որոշում, որով ՌԴ քաղաքացիներին կթույլատրվի Հայաստան այցելել ներքին անձնագրերով, ինչը կնպաստի նաև զբոսաշրջության խթանմանը: Այդ համատեքստում, կարևորվել է նաև Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև նախապատրաստվող միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված համաձայնագրի ստորագրումը: