ՀՀ և Իսպանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Մայիսի 17-ին Ռեյկյավիկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան՝ շեշտելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության հարցերի շուրջ՝ հաշվի առնելով 2023թ. հուլիսի 1-ից ԵՄ խորհրդում սպասվող Իսպանիայի նախագահությունը:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:
Արարատ Միրզոյանը անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սադրիչ և ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ պայմանավորված Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար մարտահրավերները:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Ընդգծվել է առկա խնդիրները բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու հրամայականը: