Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. պետքարտուղարության խոսնակ
ԱՄՆ-ն հավատացած է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն առաջ գնալու կարևոր քայլեր են: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Բրյուսելում կայացած հանդիպմանը:
«ԱՄՆ-ն այդ բանակցությունների կողմ չէր: Սակայն որպես Արլինգտոնում մեր հյուրընկալած բանակցությունների շարունակություն, մենք շարունակում ենք հավատալ, որ դրանք առաջ ընթանալու կարևոր քայլեր են, և մենք շարունակում ենք համարել, որ այդ երկու երկրների միջև տևական խաղաղությունը հնարավոր է», - ասել է Պատելը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին բանակցություններ էր անցկացրել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումից հետո Շառլ Միշելը հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերստին հայտարարել են իրենց պատրաստակամությունը ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը: