Փաշինյանը հույս ունի, որ ԵՄ-ն կարագացնի 2,6 մլրդ եվրոյի աջակցության տրամադրման գործընթացը
Եվրամիության իմիջը զգալիորեն բարելավվել է այն բանից հետո, երբ Միությունը որոշել է դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք փոխվել է Հայաստանի ընկալումը ԵՄ-ի նկատմամբ վերջին մեկ տարվա ընթացքում:
«Այն էապես փոխվել է, բայց դա ոչ մի կապ չունի Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ ԵՄ-ի իմիջը զգալիորեն բարելավվել է այն բանից հետո, երբ կառույցը որոշեց դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Դա ժողովրդին հասկացրեց, որ Միությունը հոգ է տանում Հայաստանի անվտանգության մասին։ Էմոցիոնալ և քաղաքական իմաստով դա բարելավել է ԵՄ-ի հեղինակությունը, չնայած այն երբեք բացասաբար չի ընկալվել»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանի գլխավոր գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում։
«Եթե քաղաքացիներին հարցնեիք, թե որոնք են ամենամեծ տեսանելի փոփոխությունները Հայաստանում, հավանաբար կնշեին պարեկային ոստիկանության ստեղծման մասին: Մենք դա անում ենք ԵՄ-ի հետ համագործակցությամբ, և այս տարի մենք սպասում ենք «Skoda» մակնիշի ավտոմեքենաների նոր խմբաքանակի ժամանումը Հայաստան, ուստի մենք շատ լայն օրակարգ ունենք ԵՄ-ի հետ հարաբերություններում։
2021 թվականի ընտրություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը այցելեց Հայաստան և խոստացավ 2,6 միլիարդ եվրոյի աջակցություն Արևելյան գործընկերության շրջանակներում: Մենք կցանկանայինք, որ այդ գործընթացը մի փոքր ավելի արագ ընթանար»,- ասել է վարչապետը։