Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հաստատման հարցում դրական միտում կա՞
Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վարման միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծման հարցում դրական միտում կա։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հաստատման հարցը ամենաբարդներից է։ «Այս հարցի միայն բանակցային օրակարգում պահելն արդեն բարդ գործընթաց է։ Ինչպես գիտեք, որոշակի ժամանակահատվածում Բաքուն բանակցությունների ընթացքում ընդհանրապես հրաժարվեց շոշափել այդ հարցը՝ պնդելով, որ հարցը լուծված է, և իմաստ չունի դրա քննարկումը։ Հիմա հասել ենք նրան, որ քննարկվում է երկխոսության, մեխանիզմների հարցը։ Հաջորդ փուլը միջազգային մեխանիզմների ձևաչափի հետ կապված հարցերն են, որոնց շուրջ այժմ բանակցություններ են ընթանում։ Իմ կարծիքով՝ այստեղ դրական միտում կա։ Սակայն սա բանակցությունների ամենադժվար, եթե ոչ ամենաբարդ, վիճելի հարցերից մեկն է»,- ասաց նա։
Հարցին, թե ԵՄ երկրների շարքում կա՞ն պետություններ, որոնք պատրաստակամություն են հայտնել մասնակցել միջազգային մեխանիզմի հնարավոր ձևաչափին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը նշեց, որ իրենք տեղյակ չեն նման քննարկումների մասին։