ԵՄ-ն` Ադրբեջանի ԶՈւ-ի հեռացման մասին. ոչ թե զորքերի դուրսբերում, այլ հայելային հետքաշում
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությունը ընթացիկ աշխատանք է, որն ուղղված է առաջընթացին: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։
«Հետագայում կողմերը դեռ հնարավորություն կունենան հանդիպելու, քննարկելու և բոլոր հարցերում հստակություն մտցնելու։ Եթե ուշադիր ուսումնասիրեք Շառլ Միշելի հայտարարությունները, ձեզ համար ակնհայտ կդառնա, որ խոսքն այստեղ հենց դրա մասին է», - հայտարարել է Վիկտորինը։ ԵՄ-ում ակնկալում են, որ կողմերը քայլ առ քայլ առաջ կգնան։ «Ավելի ընդլայնված հանդիպում տեղի կունենա Քիշնևում հունիսին, նախատեսված են նաև եռակողմ ձևաչափով հանդիպումներ», - հայտարարել է դեսպանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ռազմագերիների վերադարձի մասին հայտարարությունը նշանակում էր, որ ձերբակալված ադրբեջանցի զինվորականները ևս ազատ կարձակվեն, Վիկտորինը նշեց, որ ԵՄ-ն արդեն տևական ժամանակ է աշխատում է ռազմագերիների և պահվող անձանց վերադարձի հարցով: Նա մեջբերեց ռազմագերիների վերադարձի վերաբերյալ հայտարարության համապատասխան դրույթը, ըստ որի ընդգծվել է փոխըմբռնման պահպանման անհրաժեշտությունը, որ այն զինծառայողները, որոնք պարզապես մոլորվել և անցել են մյուս կողմը, այսուհետ ևս ազատ կարձակվեն արագացված կարգով»:
Խոսելով մինչև որևէ փաստաթղթի ստորագրումը Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման հնարավորության մասին՝ Վիկտորինը նշել է. «Մենք չափազանց կարևոր ենք համարում համաձայնության ձեռքբերումը։ Հուսով ենք, որ երկու կողմերն էլ հետ կքաշեն իրենց զորքերը և կանցնեն դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին»: