23.11.2024
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստ են երկարաժամկետ խաղաղության. Շառլ Միշել

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստ են տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության: Այս մասին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ գրեթե 4 ժամ տեւած բանակցություններից հետո հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։


Նրա խոսքով, հանդիպման ընթացքում քննարկվել են օրակարգի բոլոր կետերը և արձանագրվել է առաջընթաց սահմանազատման հետ կապված խնդիրների լուծման գործում: Միշելը նշել է, որ Փաշինյանը և Ալիևը նաև իրենց հավատարմությունն են հայտնել Ալմա-Աթայի հռչակագրին, որը ենթադրում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։


«Առաջնորդները ոչ երկիմաստ հավատարմություն են արտահայտել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին և համապատասխանաբար Հայաստանի ամբողջականությանը 29,8 հազ քառ կմ տարածքով և Ադրբեջանի ամբողջականությանը՝ 86,6 հազ․ քառ կմ տարածքով։ Վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների ընթացքում»,- հայտարարել է նա։


Եվրոպական խորհրդի նախագահը հայտնել է նաեւ, որ հաջորդ եռակողմ հանդիպումը Բրյուսելում տեղի կունենա հուլիսին։


Նշենք, որ ավելի վաղ ԵՄ ներկայացուցիչները հայտարարել էին, որ հունիսի 1-ին նախատեսվում է Փաշինյանի, Ալիևի և Միշելի ևս մեկ համատեղ հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովի շրջանակներում։ .


Միշելը եռակողմ բանակցություններից հետո ճեպազրույցում հայտարարել է նաև, որ ԵՄ-ն հանձնառու է օգնել Ադրբեջանին և Հայաստանին հասնել հարաբերությունների համապարփակ կարգավորման։ «Մենք կշարունակենք նպաստել նրանց համատեղ ջանքերին»,- հավելել է նա։