24.11.2024
Շարմազանովը հետաքրքիր փաստեր է հրապարակել 2018 թ․ իրադարձությունների մասին
prev Նախորդ նորություն

ՔՊ-ում շունչները պահած սպասում են Փաշինյանի վերադարձին. անտեղյակ են. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետության լինելիության հարցն է քննարկում Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում, Մոսկվայում եւ, գուցե, նաեւ Բրյուսելում, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շարունակում է մնալ պասիվ դիտորդ: ԱԺ իշխանական 71 պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, խորը անտեղյակության մեջ է: 1-2 հոգի են որոշակի տեղեկության տիրապետում, թե Նիկոլ Փաշինյանն ինչեր է քննարկում Հայաստանի Հանրապետության մասին: Արցախի Հանրապետության հարցը վաղուց փակված է ՔՊ-ականների համար: ՔՊ-ում հույս ունեն, որ Փաշինյանը Մոսկվայից վերադառնալուց հետո կհանդիպի իրենց եւ կլուսավորի՝ ինչ է կատարվում: Բանն այն է, որ ՔՊ-ում վաշինգտոնյան բանակցություններից հետո դեռ չեն էլ հասցրել հանդիպել Փաշինյանի հետ, չեն քննարկել արդյունքները, տեղյակ չեն՝ մի քանի օր շարունակ ինչ են բանակցել ԱՄՆ-ում Միրզոյանը եւ Բայրամովը, միայն ԱԺ հարցուպատասխանի ժամանակ են որոշ կցկտուր բաներ լսել Փաշինյանի կողմից:


Արեւմտյան մամուլը գրում է, որ մայիսի 14-ին նոր բանակցություն է սպասվում արդեն Փաշինյանի ու Ալիեւի մասնակցությամբ, այս անգամ էլ՝ Բրյուսելում: Հիմա ՔՊ-ում շունչները պահած սպասում են Փաշինյանին, որը մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար մեկնել է Մոսկվա: Փաշինյանի վերադարձից հետո՝ մինչ նրա՝ Բրյուսել մեկնելը, ՔՊ-ականները կհավաքվեն, որպեսզի Փաշինյանից տեղեկանան վաշինգտոնյան բանակցությունների մասին եւ հասկանան՝ ինչ օրակարգով է նա մեկնում Բրյուսել՝ Ալիեւի հետ հանդիպման: Մի բան հստակ է. ՔՊ-ականները վախեցած են եւ միայն թաքուն հույս են փայփայում, որ Փաշինյանը հերթական անգամ նոր փաստաթուղթ չի ստորագրի ինքնագլուխ, որի տակից հետո ամբողջ խմբակցությունով չեն կարողանա դուրս գալ:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցությունում մտադիր են արտգործնախարար Արարատ Միրզոյանին հրավիրել փակ հանդիպման, որպեսզի իրենց տեղեկացնի, թե ինչ է քննարկել Վաշինգտոնում եւ կա՞ն արդյոք այլ պայմանավորվածություններ, որոնց մասին հանրությանը չի հաղորդվում։ Հանդիպման օրվա մասին դեռ որոշում չկա, նախարարի գրաֆիկին պիտի հարմարվեն։ Խմբակցությունում խոր անտեղյակության մեջ են՝ ԱՄՆ-ում կայացած բանակցությունների սկզբում հայտարարվեց «առաջընթացի» մասին, իսկ հետո պարզվեց կողմերը համաձայնության չեն եկել: Եւ չնայած դրան շաբաթվա վերջում էլ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպում է սպասվում։ ՔՊ-ում կարծում են, որ առնվազն իրենց պետք է տեղեկացնեն, թե ինչի շուրջ են բանակցություններն ընթանում եւ ինչում են արտահայտվում տարաձայնությունները: Հատկապես, որ այդ հարթությունում ակնհայտ ակտիվություն է նկատվում` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Բրյուսելում այս շաբաթվա վերջին կվերսկսեն բանակցությունները՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի «քավորությամբ», իսկ հունիսի 1-ին էլ Քիշնևում կայանալիք Եվրոպական Քաղաքական Համայնքի գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը, Ալիևը և Միշելը` Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ հանդիպումներ կունենան»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կուսակցությունների, լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության մասին խոսող, պահանջներ ներկայացնող իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հերթական սկանդալի մեջ է ընկել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անկախ աուդիտորական եզրակացություն է ուղարկվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվին՝ հայտնաբերելով աղաղակող ֆինանսական խախտումներ: Իշխող կուսակցությունը թուլատրելի չափից շատ անդամավճար է հավաքել, շուկայականից ցածր գնով կուսակցական գրասենյակներ վարձակալել եւ նվեր ստացել գրասենյակի տարածքներ, որոնք պարզ չէ՝ ով է տվել, ինչ ծառայության դիմաց եւ ինչ իրական նպատակներով: Կոռուպցիան մերժող Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ի վերաբերյալ «ԹՄ աուդիտ» ՓԲԸ-ն եզրակացություն է ներկայացրել՝ համաձայն որի՝ կուսակցությունը կատարել է 9 մլն 64 հազար դրամի կանխիկ դրամական վճարումներ։ Եվ այստեղ էլ հենց կանոններ են խախտվել, քանի որ, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի համաձայն, կուսակցությունները բոլոր դրամական միջոցները պետք է կատարեն անկանխիկ եղանակով:


Բացի այդ, ՔՊ-ն իրավաբանական անձանցից ստացել է 16 մլն 300 հազար դրամի աջակցություն, բայց պարզ չէ՝ ովքեր են խորհրդավոր նվիրատուները: Իշխող կուսակցությունը երկու իրավաբանական անձանցից նաեւ բնեղեն նվիրատվություններ է ստացել՝ տարածքի տեսքով, բայց էլի պարզ չէ, թե ովքեր են իշխող ՔՊ-ին նվերներ տվել:  Բացահայտվել է նաեւ, որ 525 նվիրատուների մասով որեւէ տեղեկություն առկա չէ, չկա տվյալ՝ ով, ինչու է նվեր տվել իշխող թիմին: Սա էլ դեռ ամենը չէ. կուսակցությունը մեկ անձից ստացել է 4 մլն 992 հազար դրամի նվիրատվություն այն դեպքում, երբ տարեկան մեկ անձի կողմից 2 մլն 500 հազար դրամ պետք է կազմի այն, այսինքն՝ ՔՊ-ն ստացել է նաեւ թուլատրելիից ավելի նվիրատվություն՝ գումարի տեսքով: Նկատենք, որ ՔՊ-ի վարչության կեղծված ընտրություններից հետո այս բացահայտումները երկրորդ խոշոր սկանդալն է իշխող ՔՊ-ի շուրջ: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը թաղվել են կոռուպցիայի մեջ: ՔՊ խմբակցությունը զբաղված է ԱԺ միակ ընդդիմադիր պաշտոնյայի՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելու հարցով:


«Հրապարակ» թերթը գրում է. «Շուշին հանձնած Նիկոլ Փաշինյանը երեկ՝ Շուշիի ազատագրման, ինչպես նաեւ Երկրապահի օրը ոչ միայն չայցելեց Եռաբլուր, այլեւ մի ձեւական ուղերձ չհղեց Շուշին կրկին ազատագրելու, հետ բերելու կամ էլ Երկրապահին շնորհավորելու մասին։ Այց չի լինի նաեւ այսօր, քանի որ երեկ հայտնի դարձավ` նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա: Տեղեկացանք, որ Փաշինյանը երեկ երեկոյան է մեկնել` նա ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: Ըստ ամենայնի ՔՊ-ական մեծամասնությունն էլ այս տարի Եռաբլուր չի այցելի, քանի որ խմբակցությանը հանձնարարվել է առավոտ կանուխ լինել Հաղթանակի զբոսայգում եւ ամեն ինչ անել, որ օրվա խորհուրդը ոչ թե 1992-ի մայիսի 8-9-ին Շուշիի գրավումը եւ արցախյան առաջին պատերազմի հաղթանակը լինի, այլ 1945 թվականի մայիսի 9-ի հաղթանակը` Գերմանիայի նկատմամբ։ Արդյոք Փաշինյանն ու ՔՊ-ականները որոշել են այսուհետ այլեւս չներխուժե՞լ Եռաբլուր եւ զոհվածների հարազատների հետ չառերեսվել, թե՞ միայն այս տարի է այդպես դասավորվել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի աշխատակազմը մեկ ամսից ավելի է՝ ծառայողական քննություն է իրականացնում՝ պարզելու համար, թե ինչպես է Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Մհեր Սահակյանի մասնակցությամբ միջադեպից հետո տեսանյութը հայտնվել իշխանական պատգամավորների հետ առնչություն ունեցող լրատվամիջոցներում: Ո՞ւմ հրահանգով եւ ո՞ւմ կազմակերպմամբ է դա տեղի ունեցել: Ինչպես հայտնի է, մարտի 31-ին ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել էր ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին: ԱԺ տեղեկատվության ազատության պատասխանատու Լաուրա Անտոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր, թե ապրիլի 3-ից ծառայողական քննություն է սկսվել: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար կրկին դիմեց Լաուրա Անտոնյանին, որն ի պատասխան հայտնեց. «Միջադեպի հանգամանքները լիարժեք եւ ամբողջական պարզաբանելու նպատակով վարույթը դեռ ընթացքի մեջ է»։ Ամեն դեպքում, նկատենք՝ այդքան երկար ծառայողական քննություն իրականացնելու պատճառ թերեւս չկա. պետք է ընդամենը հասկանալ՝ ով է մտել անվտանգության տեսախցիկների սենյակ, կամ ով է հրահանգել կրիչով դուրս հանել օրվա տեսաձայնագրությունը: Սա անելու համար մեկ ամիս ժամանակ վստահաբար պետք չէ:


«Հրապարակ» թերթը գրում է. Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների հրամանատարությանը մոտ կանգնած աղբյուրից տեղեկացանք, որ ռուսական կողմը վրդովված է Արցախում գեներացվող հակառուսականության փաստից, որին բացահայտ մասնակցում են նաեւ որոշ բարձրաստիճան պաշտոնյաները։ Մասնավորապես, խաղաղապահ հրամկազմին նյարդայնացրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի այն հայտարարությունը, թե անցած շաբաթ Բաքու մեկնած Ալեքսանդր Լենցովին չի հաջողվել ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածության հասնել։ Արցախյան մեր աղբյուրներն ասում են, որ անգամ իշխանական որոշ շրջանակներ են տարակուսած եւ չեն հասկանում, թե որն էր պետնախարարի՝ կիրակի՝ ոչ աշխատանքային օրով հապշտապ հայտարարություն անելու նպատակը։ Նրանք կարծում են, որ Արցախի իշխանություններն ուղղորդվում են Նիկոլ Փաշինյանի կողմից ու փորձում են ցույց տալ, որ ՌԴ-ն զրոյական դերակատարում ունի Արցախում : Հիշեցնենք, որ Ներսիսյանը հայտնել էր. «Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել»:


Նշել էր նաեւ, որ ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում: Թե որտեղ, ինչ ձևաչափով` պետնախարարը չի մանրամասնել։ Մինչդեռ իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրը պնդում է, որ թե գնալուց առաջ, թե հետո Լենցովն Արցախի իշխանություններին հասկացրել է, որ պետք չէ իր Բաքու այցից մեծ ակնկալիքներ ունենալ: Պետք չէ սպասել, որ իր ասելով անցակետը կապամոնտաժեն, քանի որ հարցը ամբողջությամբ գտնվում է քաղաքական տիրույթում՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած կողմերի համաձայնության շրջանակներում: Անգամ հայտնել է, որ իր տեղեկություններով մայիսի 25-ին Պուտինի միջնորդությամբ պետք է տեղի ունենա Փաշինյան-Ալիեւ հանդիպում եւ, ըստ ամենայնի, այդ հանդիպմանը կորոշվի անցակետի հարցը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ 12.00-ին  Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեծ հանրահավաք է սպասվում, որի կազմակերպիչները «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնողներն են, որոնք անցած շաբաթվանից Արցախում ստորագրահավաք են իրականացնում։ Հանրահավաքը Արցախում Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտումը, ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կատարելու պահանջով է լինելու: Հանրահավաքին լինելու են ելույթներ՝ մայիսյան հաղթանակին նվիրված: Որոշ տեղեկություններով, մասնակցելու են նաեւ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Ավանդաբար Հայաստանում ու Արցախում մայիսի 9-ին մի շարք միջոցառումներ են տեղի ունենում՝ պաշտոնական մակարդակով: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա եւ այնտեղ է մասնակցելու միջոցառումների, հետեւաբար նա «Հաղթանակ» զբոսայգում ներկա չի լինի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ պաշտոնական միջոցառումը կազմակերպել է ՀՀ նախագահի աշխատակազմը, ներկա են լինելու պաշտոնյաներ, հյուրեր:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն դատարանում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել։ Բանն այն է, որ կալանավորներն այնքան շատ են, որ նրանց դատարան ուղեկցող ոստիկանները չեն հասցնում նրանց բերել դատարան։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ բանը հասել է այնտեղ, որ անգամ Հակակոռուպցիոն դատարանի դատավորներն են դիմում ոստիկանության ուղեկցող խմբի հրամանատարին՝ խնդրելով լուծում տալ իրավիճակին, քանի որ, կալանավորներին դատարան չբերելով, նիստերն են հետաձգվում: