22.11.2024
Դատախազություն. 81 մլն դրամ արժեքով անշարժ գույքը կդառնա Հայաստանի սեփականությունը
prev Նախորդ նորություն

Արցախի ժողովուրդը կդիմանա անգամ 1000 օր, բայց չի հրաժարվի իր օրինական իրավունքներից

Արցախի ԱԳ նախկին նախարար, նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը հանդես է եկել հայտարարությամբ՝  միջազգայնորեն ճանաչված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապօրինի շրջափակման 100-րդ օրվա առիթով:

"Եզրույթների օգտագործումը կարևոր դեր է խաղում քաղաքականության մեջ, և դրանց չկշռադատված կիրառումն ունակ է կանխորոշելու բանակցությունների արդյունքները։ Նաև այդ պատճառով է, որ եզրույթների մասին չեն վիճում, դրանց վերաբերյալ պայմանավորվում են։

Միջազգայնորեն ճանաչված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապօրինի շրջափակմանը զուգընթաց Ադրբեջանը ցեղասպանություն ու էթնիկ զտումներ իրականացնելու սպառնալիքով Արցախի Հանրապետության քաղաքացիներին առաջարկում է ինտեգրվել իր կազմում։

Արցախի կողմից ինտեգրման օրակարգի ընդունումն ի սկզբանե կնշանակեր ոչ միայն օտարում իր իսկ ինքնիշխանությունից ու օրինական իրավունքներից, այլև հրաժարում Արցախի բնիկ հայ ժողովրդի՝ սեփական Հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իղձից։ Միջազգային հարաբերություններում ներկայումս բավականին տարածված «ինտեգրում» եզրույթը մեր պարագայում նշանակում է կամավոր կապիտուլյացիա։

Պաշտոնական Բաքուն նույնիսկ փորձում է շրջանառության մեջ դնել «ինտեգրում» եզրույթի մեկ այլ տարբերակ՝ «վերաինտեգրում», ինչը նշանակում է Արցախի վերադարձ Ադրբեջանի կազմ։ Սակայն քաջ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, այլ Խորհրդային Ադրբեջանին ենթարկեցվել է երրորդ կողմի կուսակցական մարմնի՝ Ռուսաստանի բոլշևիկների կուսակցության Կովկասյան բյուրոյի ապօրինի որոշմամբ։

Ադրբեջանի հետ Արցախի հարաբերությունների մասին ցանկացած դատողություն իմաստ ունի միայն բոլշևիկների որոշման ու հետագայում ընդունված ԽՍՀՄ սահմանադրության համատեքստում։ 1991 թվականին խորհրդային սահմանադրության գործողության դադարեցումը փակել է այս թեման։ Ի հայտ է եկել ինքնորոշված Արցախի Հանրապետության նկատմամբ ինքնահռչակ Ադրբեջանական Հանրապետության ապօրինի հավակնությունների խնդիրը։
Վերաինտեգրման մասին խոսելուց առաջ ժանգոտվող «երկաթե թաթերով» հայտնի «թղթե վագրը» նախևառաջ պետք է կարողանա վերականգնել Խորհրդային Միությունը։ Եթե ի զորու չէ դա անել, ապա մնացյալը բլեֆ է ու խեղաթյուրանք։

Այսօր միջազգայնորեն ճանաչված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապօրինի շրջափակման 100-րդ օրն է։ Վստահ եմ, որ հարկ եղած դեպքում Արցախի ժողովուրդը կդիմանա անգամ 1000 և ավելի օր, բայց չի հրաժարվի իր օրինական կոլեկտիվ իրավունքներից ու իր ինքնիշխանությունից։ Ճիշտ որոշումների կայացման և առկա ներուժի խելամիտ օգտագործման միջոցով մենք դուրս կգանք մեզ պարտադրված ճգնաժամից ավելի ամրակուռ ու ավելի ուժեղ։ Լավատեսության համար հիմքերն ավելի քան բավարար են",- ասված է Մայիլյանի հայտարարության մեջ։